Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են, իսկ թմրամոլների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2014թ.-ին Հայաստանում ավելացել է: Այս մասին այսօր տեղեկացրեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը՝ լրագրողներին ներկայացնելով 2014 թ.-ի 9 ամիսների ընթացքում ոստիկանության կատարած աշխատանքները` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ:
«2014 թվականի 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 883 ապօրինի շրջանառության դեպք, այս տարի ունենք 94 դեպքի նվազում: Առգրավված թմրանյութերի քանակն ավելացել է, ավելացել է նաև մաքսանենգ ճանապարհով ներկրումը: Նախորդ տարվա 8 դեպքի դիմաց այս տարի ունենք ապօրինի շրջանառության 21 դեպք: Այս տարի 362 ապօրինի շրջանառությամբ զբաղվով պատասխանատվության է ենթարկվել՝ նախորդ տարվա 243 հոգու դիմաց: Այսօր Հայաստանում գրանցված է 5271 թմրամոլ, նախորդ տարի 5022 թմրամոլ էր գրանցված»,-ներկայացրեց նա:
Անդրադառնալով տարվող աշխատանքներին՝ բանախոսը նշեց, որ այս տարի խնդիր են դրել ուշադրություն դարձնել կանխարգելման աշխատանքներին, ինչպես նաև կազմակերպել թմրանյութերի ներմուծման նախականխումը Հայաստան. «Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ անցկացնում ենք դաստիարակչական քայլեր: Դպրոցներում տարվում են դասեր: Երեխաներին նաև ցույց ենք տալիս, թե այսպես կոչված բենզինիստների վախճանն ինչով է ավարտվում»: