Շուրջ մեկ ամիս առաջ AM իրավաբանական ընկերությունը հայտարարեց համապետական ուսանողական մրցույթ, որի նպատակն էր երիտասարդ իրավագետների՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ նեկայացրած դիտարկումների և առաջարկների միջոցով պարզել, թե ինչն է պակասում գործող Սահմանադրությունում: «Մեր ընկերությունը մշտապես առաջնորդվել է հանրային կարևոր իրադարձություններին բարձր մասնակցություն ապահովելու սկզբունքով: Այդ տեսանկյունից հատկապես կարևոր է իրավաբանական համայնքի ներգրավվածությունն այնպիսի գործընթացի, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների քննարկումն է: Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ անհրաժեշտ է իրավական հստակ խնդիրներ ձևակերպել և ներկայացնել հանրությանը: Այդ նպատակով կարևոր ենք համարում լսելի դարձնել իրավաբան-ուսանողների ձայնը սահմանադրության զարգացման շուրջ ծավալված քննարկումներին», – այս մասին ներկայացրեց իր խոսքում «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը:
Գրիգոր Մինասյանը նշեց նաև, որ մրցույթին մասնակցել են տարբեր համալսարաների մի քանի տասնյակ ուսանողներ, ովքեր իրենց հայտերում բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել օրենքների նախնական սահմանադրական հսկողության վերաբերյալ, Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի ընդլայնման վերաբերյալ, նախագահի լիազորությունների սահմանափակման, նախագահի թեկնածուի տարիքի բարձրացման և նախընտրական գրավի սահմանադրական ամրագրման վերաբերյալ, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների վերաբերյալ: Քանի որ ներկայացված աշխատանքները բավականին հետաքրքիր էին AM իրավաբանական ընկերությունը, բացի առաջին երեք մրցանակային տեղերից, նաև հատկացրել էր մրցանակներ ևս երկու՝ «Լավագույն վերլուծական միտք» և «Լավագույն գրավոր խոսք» անվանակարգերում:
Միջոցառմանը ներկա ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը իր ելույթում կարևորեց քաղաքացիական հասարակության ակտիվությունը մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող քաղաքական հարցերի քննարկման և քաղաքական որոշումների կայացման հարցում, ինչպես նաև շեշտեց, որ շատ կարևոր է նման քննարկումներում մասնավոր սեկտորի ակտիվությունը: «Մասնավորապես AM իրավաբանական գրասենյակը, որն մասնավոր կառույց է, և սա ուղղակիորեն չի մտնում իր խնդիրների և ծրագրերի մեջ, այնուամենայնիվ կարևոր է համարել և հարկ է համարել կազմակերպել այս միջոցառումը։ Սա խոսում է նրա մասին, որ հանրային ներգրավվածություն կա այս գործընթացին, ինչը տալու է ավելի բարձր որակ», – ասեց նա իր բացման ելութի ժամանակ: Ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը՝ նախարարը շեշտեց, որ Սահմանադրությունը, լինելով մեր երկրի ու հասարակության հիմնական ինստիտուտներն ու սկզբունքները կարգավորող և հռչակող փաստաթուղթը, պետք է լինի կենդանի և մշտապես զարգացող օրգանիզմ:
Մրցանակների և պատվորգրերի հանձնման պաշտոնական արարողությունի հետո միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի» մասնագիտական քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ Գրիգոր Բադիրյանը, ԵՊՀ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԴ նախագահի ավագ խորհրդական Անահիտ Մանասյանը, համալսարանների պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչները, մրցույթի մասնակից ուսանողները և այլոք: