Ադրբեջանում բանտարկված իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի և նրա ամուսնու` Արիֆ Յունուսի ձերբակալման գործով բողոքը արտահերթ կարգով կքննվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, այս մասին հայտնել է Յունուսի փաստաբան Հալիդ Բագիրովը:
Նա նշել է, որ պաշտպանական կողմը դիմել էր ՄԻԵԴ` բողոքարկելու Յունուսների ձերբակալությունը և խնդրելու ճանաչել այն որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայով երաշխավորված մարդու ազատությունների ու անձնական անձեռնամխելիության խախտում: «Այսօր Ստրասբուրգից ես ստացել եմ պաշտոնական պատասխանը: ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել արտահերթ կարգով քննել Լեյլա և Արիֆ Յունուսների գործը: Այսինքն, նրանց դիմումները կնայվեն ավելի օպերատիվ, քան արվում է սովորական դեպքերում»,- նշել է Բագիրովը: Նա հայտնել է նաև, որ ՄԻԵԴ-ն ադրբեջանական իշխպանություններից պահանջել է ամսական մեկ անգամ Ստրասբուրգյան դատարանին ներկայացնել Յունուսների առողջական վիճակի մասին տեղեկություններ:
Լեյլա և Արիֆ Յունուսները ձերբակալվել են 2014 թվականի ամռանը: Նրանք մեղադրվում են հակապետական գործունեություն ծավալելու` այդ թվում հայրենիքի դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ: