Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կազմակերպած միջազգային գիտագործնական երկրորդ՝ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով համաժողովը:
Համաժողովի հանդիսավոր բացումն ազդարարել է Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, ով նշել է, որ կատարողական վարույթին առնչվող հիմնահարցերի շուրջ անցկացված տարբեր գիտագործնական համաժողովների փորձն, անշուշտ, ցույց է տալիս, որ նմանատիպ միջոցառումները փորձագիտական առանձնահատուկ հարթակ են ծառայում տարբեր երկրների համապատասխան ծառայությունների, միջազգային կառույցների և մասնագետների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման, միջազգային համագործակցության ամրապնդման և զարգացման համար:
«Մասնագիտական շփման նման ձևաչափերի անհրաժեշտությունը և կարևորությունը այլևս լրացուցիչ հիմնավորման կարիք չեն պահանջում: Դրանք ապացուցել են իրենց նշանակությունը և արդյունավետությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը:
Միհրան Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ համաժողովի թեմատիկ քննարկումներն ու դրանց ընթացքում հնչած տեսակետներն ու գաղափարները, բարձրացված հարցերն ու ամփոփիչ եզրահանգումները նոր էջեր կբացահայտեն իրենց մասնագիտական գործունեության բնագավառում, հնարավորություն կտան միասին խորհելու հիմնախնդիրների հնարավոր լուծումների շուրջ՝ դրանց գիտական հիմնավորվածության և պրակտիկ կիրառման տեսանկյունից, կնպաստեն գործունեության առաջընթացին և կծառայեն հարկադիր կատարման ազգային և միջազգային ընթացակարգերի առավել կատարելագործման նպատակին:
Անդրադառնալով համաժողովի խորագրի ընտրությանը՝ Միհրան Պողոսյանն ընդգծել է, որ «Կատարողական վարույթների խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» որպես համաժողովի խորագիր ընտրելու հանգամանքը պայմանավորված է ժամանակակից աշխարհում գիտատեխնիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացմամբ և դրանց արդյունքները կատարողական վարույթի շրջանակներում լայնորեն օգտագործելու իրողությամբ:
Նա տեղեկացրել է, որ համաժողովի զեկույցներն առավել նեղ հիմնախնդիրների քննարկմանն ուղղորդելու համար նշված խորագրի շրջանակներում առանձնացվել են երկու ինքնուրույն թեմատիկ բնագավառներ. առաջինը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծությունների կիրառումը հարկադիր կատարման գործընթացում. առաջընթաց և մարտահրավերներ», երկրորդը՝ «Կատարողական վարույթով պարտապանի նկատմամբ կիրառվող հարկադրանքի սահմանները վերտառությամբ»:
«Արդի ժամանակաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում արձանագրված զարգացումներն աշխարհում իրենց արդյունավետ կիրառությունն են գտնում նաև արդարադատության բնագավառում, այդ թվում՝ կատարողական վարույթի շրջանակներում: Եվ դա պատահական չէ. արդարադատության բնագավառում առկա տեղեկատվության մեծածավալությունն ու տեղեկատվության արագ, ճշգրիտ և լրիվ փոխանցումը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում և արդյունավետ գործարկում նաև հարկադիր կատարման փուլում»,- ընդգծել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
Միաժամանակ, գոյություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը կատարողական համակարգում կարող է տեղի ունենալ բացառապես վերջինիս առանձնահատկությունն ու գործունեության օրինաչափությունները հաշվի առնելով: Այդ իսկ պատճառով առանձնակի է կարևորվում ներդրվող տեխնոլոգիաների հատուկ հարմարեցումը կատարողական վարույթի պահանջներին, և որն էլ կազմում է սույն համաժողովում քննարկվող թեմաների հիմնական առանցքը:
Միհրան Պողոսյանի խոսքով՝ մյուս կողմից, մարդու իրավունքների և ազատությունների բնագավառում համաշխարհային առաջընթացը, միջազգային և ներպետական դատարանների փորձի հարստացումը, մարդու իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմների ձևավորումն ու զարգացումը աշխարհում պայմանավորում են հարկադիր կատարման գործընթացների նկատմամբ նոր մոտեցումների դրսևորումն ու նոր մարտահրավերներ են ստեղծում հարկադիր կատարողի գործելակերպի համար:
Հատկապես նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ինֆորմացիայի փոխանակումն ու այդ ինֆորմացիայի օգտագործմամբ մարդու իրավունքների սահմանափակումը հարկադիր կատարման գործընթացում պետք է իրականացվի միջազգայնորեն ընդունված սկզբունքների և նորմերի սահմաններում, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կատարողական վարույթում ենթադրում է, օրինակ, մի կողմից ներխուժում պարտապանի անհատական տվյալների, անձնական կյանքի պաշտպանության ոլորտ, մյուս կողմից՝ նորարարական հարկադրանքի գործիքների կիրառումը արդյունավետ միջոց է հանդիսանում պահանջատիրոջ արդար դատաքննության իրավունքի իրականացումը լիարժեք ապահովելու համար:
«Այս պարագայում, բնականաբար, հարկադաիր կատարողի առաջնահերթ խնդիրը նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարողական վարույթի այնպիսի կազմակերպումն է, որտեղ պարտապանի և պահանջատիրոջ իրավունքների և շահերի հնարավորինս հավասարակշռված են և պաշտպանված: Ահա այս և նմանատիպ այլ հիմնախնդիրներն են, որ կքննարկվեն մեր այս երկօրյա համաժողովի շրջանակներում: Կխնդրեմ, որպեսզի ազատորեն բարձրաձայնեք ձեզ հուզող բոլոր հարցերն և արտահայտեք Ձեր տեսակետները ինչպես համաժողովի թեմատիկ բնագավառների, այնպես էլ մյուս այն խնդիրներով, որոնք ձեր կարծիքով կարևոր և առաջնային են հարկադիր կատարման գ ործընթացի համար»,-ասաց Պողոսյանը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խոսքով՝ յուրաքանչյուր նմանատիպ միջոցառում, բացի իր գիտագործնական նշանակությունից, մասնակիցներին նաև լավ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու համաժողովի անցկացման երկրի և նրա ժողովրդի պատմությանը, մշակույթին, ավանդույթներին:
«Այս իմաստով ես առավել քան ուրախ եմ ձեզ ողջունելու որպես տանտեր և առաջիկա օրերին սիրով կստանձնեմ մեր պատմությանը, մշակույթին և ավանդույթներին ձեզ որոշակի չափով հաղորդակից դարձնելու հաճելի պարտականությունը: Վստահ եմ, որ Հայաստանից վերադառնալիս, յուրաքանչյուրդ ձեզ հետ կանենք նաև Հայաստանի և հայ ժողովրդի ջերմությունն ու հոգու մասնիկը, ինչը լավ նախապայման կլինի հետագայում կրկին անգամ Հայաստան վերադառնալու համար: Խոսքերիս վառ ապացույցը, թերևս, մեր կողմից 2011թ. կազմակերպված առաջին միջազգային համաժողովի մասնակից մեր գործընկերների ներկայությունն է այսօր»,- եզրափակել է Միհրան Պողոսյանը:
Համաժողովին մասնակցում են ինչպես Դատական կատարողների միջազգային միության, այնպես էլ 18 երկրների՝ Հայաստանի, Արցախի, Նիդերլանդների, Շվեդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Վրաստանի, Մոլդովայի, Հունաստանի, Չեխիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Սլովակիայի համապատասխան կառույցների պատվիրակությունները, որոնցից 15-ը ներկայացված են կառույցների առաջին դեմքերի մակարդակով, ինչը աննախադեպ է նմանատիպ միջոցառումների կազմակերպման պրակտիկայում: