Ոստիկանության զորքերի հրամանատարությունում hոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից կատարվող ստուգումների վերաբերյալ ամփոփիչ խորհրդակցությունը: Մինչև խորհրդակցությունը ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և նրանց ուղեկցող անձինք Ոստիկանության զորքերի վարչական շենքում ծանոթացել են ծառայողների աշխատանքային ու հանգստի պայմաններին, գնահատել զորքերի հատուկ տեխնիկայի և միջոցների պատրաստականության վիճակը, շրջել տարածքում:
Խորհրդակցության սկզբում հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը ներկայացրել է ստուգման նպատակներն ու խնդիրները:
Տեսչական ստուգումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ-մայոր Գեորգի Ֆարյանը:
Ստուգման արդյունքներով՝ Ոստիկանության զորքերի և ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը գնահատվել է բավարար, նշելով են նաև արձանագրված թերություններն ու բացթողումները:
Տեղի է ունեցել հրատապ խնդիրների առարկայական քննարկում, կոնկրետ առաջարկներ են արվել թերացումները վերացնելու, ոստիկանության զորքերի ստորաբաժանումների պատրաստականությունը որակապես այլ վիճակի բերելու, աշխատանքը կատարելագործելու ուղղությամբ:
Տեսչական ստուգման արդյունքներին անդրադարձել և իր դիտարկումներն է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցությունն ամփոփել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչությանը՝ հետևողական և խստապահանջ ստուգումների համար: