Իրավական 

Դինքի սպանությանն առնչվող փաստաթղթերը Թուրքիայում պետական գաղտնի՞ք են համարվում

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը դատարանին կոչ է արել հարցում ուղարկել ռազմական դատախազությանը՝ ճշտելու համար, թե արդյոք պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանն առնչվող հետախուզական փաստաթղթերը պետական գաղտնիք են համարվում, գրում է Hurriyet Daily News-ը:

 

 

Պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ.-ի հունվարի 19-ին, Ստամբուլում գտնվող խմբագրության գրասենյակի մոտ, 17-ամյա Օգյուն Սամասթի կողմից:

 

 

Սամասթը, ով դատապարտվել էր մոտ 22 տարվա ազատազրկման, ենթադրվում է, որ եղել է ահաբեկչական խմբավորման անդամ, քանի որ հանցագործության հետևում կանգնած անձինք այդպես էլ չեն բացահայտվել:

 

 

Դատական հերթական նիստը տեղի է ունեցել Ստամբուլի անչափահասների ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում, սակայն Սամասթը նիստին չի մասնակցել:

 

Դատարանն ավելի վաղ երկու անգամ դիմել էր Ազգային հետախուզական ծառայությանը՝ գաղտնի փաստաթղթերի համար, որը հետախուզական գործակալությունն ուղարկել էր Թուրքիայի ազգային մեծ ժողովի հատուկ հանձնաժողովին:

 

Հետախուզական ծառայությունը, սակայն, հստակ պատասխան չէր տվել՝ արդյոք փաստաթուղթը պետական գաղտնիք պարունակում  է, թե ոչ:

 

Ավելի հստակ պատասխան ծառայությունը տվել է հոկտեմբերի 17-ի դատական նիստի ընթացքում: «Ճիշտ կլիներ գլխավոր դատախազությանը հարցնել՝ պահանջված տեղեկությունը պետական գաղտնի՞ք է, թե՞ ոչ»:

 

 

Դինքի ընտանիքի փաստաբանը, սակայն, նշում է, որ փաստաթղթերը պետք է հրապարակվեն:«Փաստաթուղթը, որն Ազգային հետախուզական ծառայությունը ներկայացրել է խորհրդարանին, պետք է տրամադրվի նաև մեզ»,-ասել է փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն:

Նույն շարքից