Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը Քյուրդահանի համար 1 քննչական մեկուսարանից տեղափոխվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարան, գրում է contact.az-ը:
Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի փորձագետ Ազադ Իսազադեն «Թուրան»-ին հայտնել է, որ հոկտեմբերի 20-ի առավոտյան եկել է Քյուրդահանում քննչական մեկուսարան Լեյլային ծանրոց փոխանցելու համար, սակայն այնտեղ նրան հայտնել են, որ Յունուսը տեղափոխվել է Ազգային անվտանգության նախարարություն:
Յունուսը քննչական մեկուսարանում է մնացել 2,5 ամիս և պարբերաբար դժգոհել է հոգեբանական և ֆիզիկական բնույթի խոշտանգումներից:
Ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում օգոստոսի սկզբից կալանքի տակ է պահվում նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը: Նրանք մեղադրվում են պետական դավաճանության համար: Միջազգային հանրությունը նրանց քաղբանտարկյալ է համարում: