Առողջապահություն 

Վայրի տանձենին՝ միզապարկի ու երիկամների հիվանդությունների լավագույն դեղամիջոց

Առհասարակ առավել առողջարար են համարվում տանձի բուրումնավետ տեսակները։ Իսկ Հայաստանում աճող տեսակներն անկրկնելի են իրենց համով։ Տանձենին սովորաբար ծաղկում է մայիսին, ինչպես որ վարդազգիներից շատերը։ Տարբերվում են ամառային, աշնանային եւ ձմեռային տեսակները։ Աշնանայինն առավել բուրումնավետ եւ համեղ տեսակն է, պահպանվում է 2-3 ամիս։ Տանձն իր մեջ պարունակում է շաքարներ, կարոտին (ենթավիտամին A), PP, B1, C, P, եթերային յուղեր, յոդ, երկաթ, դաբաղանյութեր (0,3%), բջջանյութ (0,5%)։

Միզապարկի բորբոքման եւ երիկամային հիվանդությունների դեպքում առավել օգտակար են վայրի տանձենու պտուղները, որոնք չեն զիջում արջախաղողին (մաթուզենի) եւ հապալասենուն։ Այդ տեսակի պտուղները հարուստ են վիտամին P-ով եւ դաբաղանյութերով (մոտ 20 %)։

Տանձի թթվաշ եւ պինդ տեսակները ամրապնդում, կազդուրում են լյարդը եւ ստամոքսը, գրգռում ախորժակը, սակայն հակացուցված են տարեցների եւ դյուրագրգիռ մարդկանց համար։ Այս պտուղը բարերար ազդեցություն ունի օրգանիզմի վրա, հրաշալի հակադեպրեսանտ է, երիտասարդացնող հատկություն ունի։ Տանձի պտղամսի մեջ պարունակվող ասկորբինաթթուն արագացնում է վերքերի ապաքինման ընթացքը, իսկ տանձենու տերեւներից պատրաստվում է թուրմ, որն օգտագործվում է սնկային եւ մաշկային հիվանդությունների դեպքում: Թուրմը պատրաստվում է հետեւյալ կերպ. մեկ բաժակ տանձի մատղաշ (կամ չորացրած կես բաժակ) տերեւների վրա լցնել կես լիտր եռջուր, 2-3 րոպե պահել թույլ կրակի վրա, ապա քամել։ Որպես դեղաթրջոց դնել մաշկի վնասված մասերին։

Բերանի եզերքի ճաքերի դեպքում եւս կարող եք տանձահյութ քսել։ Գլխապտույտի դեպքում եփել տանձը այնքան, որպեսզի փափկի, ապա եփուկով թրջոցներ դրեք ճակատին։ Ավիտամինոզի դեպքում՝ օրը 2-3 անգամ 100-ական գրամ տանձ ընդունեք։ Տանձի սերմերն ունեն հակաճիճվային հատկություն, պարզապես պետք է ուտել միջուկը։ Տանձը օգտակար է նաեւ շագանակագեղձի բորբոքման դեպքում։ Դեղատոմսը հետեւյալն է. 1 բաժակ մանրացրած տանձի չիրը եփել կես բաժակ ջրի մեջ, որպեսզի լավ փափկի, ապա 4 ժամ թրմել, ընդունել քառոդից կես բաժակ։ Հավատացեք, որ այս միջոցը թեթեւացնում է վիճակը, իսկ ոչ ծանր դեպքերում այս դեղատոմսի երկարատեւ, կանոնավոր կիրառումը կառողջացնի ձեզ։ Տանձի եփուկը լավ միզամուղ է, օգնում է միզաքարային հիվանդությունների եւ ցիստիտի դեպքում։ Միզելիս նվազում են ցավերը։ Նման դեպքերում օգնում են պտղի մեջ պարունակվող եթերայուղերը։

Թեեւ տանձը քիչ` մոտ 10% պտղաշաքար (ֆրուկտոզա), բուսաշաքար (սախարոզա), խաղողաշաքար (գլյուկոզա) է պարունակում, այնուամենայնիվ, այն ավելի քաղցր է թվում, քան մյուս մրգերը, որովհետեւ համեմատաբար (օրինակ` խնձորի համեմատ) ավելի քիչ թթուներ է պարունակում։

Շաքարային դիաբետի դեպքում ազնվամորու, հոնի հյութերից բացի՝ խորհուրդ է տրվում նաեւ տանձի թարմ հյութը։ Որպես դիետիկ սնունդ կիրառվում է ոչ միայն դիաբետի դեպքում, այլեւ՝ որպես նիհարեցնող միջոց։ Իսկ կեղեւից մաքրած, լավ ճզմած տանձը` 2 ճաշի գդալ բնական մեղրի հետ խառնած վիճակում օգտակար է անեմիայի դեպքում։

Երեխաներին լուծից բուժելու համար տանձի եփուկը կամ անուշապուրը (կիսելը) խառնեք վարսակի շիլայի հետ։ Կամ. կես բաժակ չիրը 2 բաժակ ջրում եփեք 2 ճաշի գդալ վարսակի հետ եւ օրվա ընթացքում ուտելուց առաջ կես բաժակ ընդունեք։

Տանձահյութն օգտագործվում է նաեւ սրտային, թոքային, ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։ Տանձի բոլոր տեսակներն էլ ունեն կապող ներգործություն։ Տանձ կարելի է ուտել սնունդ ընդունելուց 30 րոպե հետո։

Հակացուցումներ. տանձ ուտելուց հետո խորհուրդ չի տրվում միս ուտել` վերջինիս դժվարամարս լինելու պատճառով։ Քաղցած վիճակում տանձ չուտել, տանձ ուտելուց հետո էլ ջուր չխմել։

 

Նույն շարքից