Ռուսական խոշոր դեսանտային ռազմանավը հատելով սեւծովյան նեղութները շարժվում է սիրիական Տարտուս նավահանգիստ: Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները, նշելով, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում սա թվով 5-րդ ռուսական ռազմանավն է, որ շարժվում է դեպի սիրիական ափերին: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նավը կարող է տեղափոխել 450 տոննա բեռ ու տեղավորել 25 տանկ. Տեղի դիտորդների վստահեցմամբ նավն ամբողջությամբ բեռնավորված է:
Վաշինգտոնում վստահեցնում են, որ Ռուսաստանը ձգտում է ռազմական պլացդարմ ապահովել՝ Բաշար Ասադին օժանդակելու նպատակով:
Հիշեցնենք, որ Տարտուսում գտնվում է միջերկրականում ռուսական նավերի նյութատեխնիկական հագեցվածությունն ապահովող կայանը:
Ռուսաստանը բազմիցս դիմել է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային՝ կոչ անելով համագործակցել Բաշար Ասադի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում, այնինչ Սպիտակ տունը պահանջում է Սիրիայի նախագահի հրաժարականը:
2011թ.-ից Սիրիայում շարունակվող արյունահեղ պատերազմի հետեւանքով, ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով զոհվել է 220 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ լքել են իրենց բնակավայրերը: Կառավարական զորքերի դեմ մարտնչող տարբեր անջատողական խմբավորումներից ամենավտանգավորն ու մարտունակը ԻՊ ու Ան-Նուսրա խմբավորումների գրոհայիններն են: