Պաշտպանության նախարարությանը հատկացված 2015թ. բյուջեն օգտագործվել է տեղին եւ լիարժեք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ 2015թ. կատարված աշխատանքը թույլ է տալիս ասել, որ նախարարությանը հատկացված բյուջեն օգտագործվել է տեղին եւ այժմ քննարկումներ են ընթանում պաշտպանության նախարարությանը հատկացվող 2016թ. բյուջեի շուրջ:
«Պաշտպանության նախարարին մեծ ջանքեր պետք չեն, որպեսզի ապացուցի բյուջեի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը: Անձամբ ՀՀ նախագահն ու կառավարությունը դա հասկանում են, եւ իրենք են տալիս այն ուղղությունները, որոնցով մենք պետք է առաջնորդվենք եւ ավելացնենք մեր հնարավորությունները»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ 2016թ. բյուջեի քննարկման փուլի արդյունքները թույլ են տալիս ասելու, որ 2016թ. զինված ուժերի զարգացման համար կան անհրաժեշտ պայմաններ:
«Անկասկած, զինված ուժերի ղեկավարության ամենակարեւոր խնդիրներից մեկը մեր մարտական կարողությունների կատարելագործումն է եւ նոր միջոցների ձեռքբերումը, որոնք պետք է ապահովեն մեր խնդիրների իրականացումը ժամանակակից տարբեր մարտերում, եւ յուրաքանչյուր տարի մենք ծրագրային բյուջետավորման շրջանակում Կառավարության հետ համադրում ենք մեր կատարած աշխատանքը, ստեղծված պաշարները եւ պլանավորում իրականացնում»,-ասաց նախարարը: