Այսօր Երևանում մեկնարկում է «Գրական Տապան» ամենամյա միջազգային փառատոնը: Բացման արարողությունը տեղի կունենա Սիրահարների այգում՝ բացօթյա ձևաչափով, որի նպատակը փառատոնն առավելագույնս հանրայնացնելն է՝ գրողների շփման այս հարթակը հասանելի դարձնելով հանրության լայն շրջանակների համար:
Փառատոնի այս տարվա կարգախոսն է՝ «Խոսքը՝ հանուն կյանքի»: Փառատոնին մասնակցում են գրողներ՝ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից: Այս տարի հրավիրվել է 20 գրող 18 երկրից` Իտալիա, Ավստրիա, Ալբանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսրայել, Իրան, Կանադա, ԱՄՆ, Չինաստան, Էստոնիա, Գերմանիա, Բելգիա, Հորդանան, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա: Փառատոնի պատվավոր հյուրերից է ռումինահայ անվանի գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը:
Փառատոնին մասնակցելու է նաև ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, հոլանդացի գրող Յոկե Վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, շվեյցարիահայ գրող Վահե Գոդելը, իտալացի գրող Կլաուդիո Պոցցանին, ով 2014թ.-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով, և այլք: Փառատոնի բացման ընթացքում սպասվում է ազգային տոնի ցուցադրություն, հայկական երաժշտական և պարային կատարումներ: