Ռազմական 

Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային անվտանգության ապահովմանը Աֆղանստանում

Աֆղանստանում հայ խաղաղապահների գործունեության ժամկետը լրանում է 2014թ. դեկտեմբերի 31-ին, սակայն հայկական ստորաբաժանումը Աֆղանստանում  այսուհետ ևս շարունակելու է նպաստել միջազգային անվտանգության ապահովմանը: ՀՀ Ազգային ժողովն արդեն վավերացրել է «2014 թվականի դեկտեմբերի 5-ին եւ 2014 թվականի դեկտեմբերի 6-ին նամակների փոխանակմամբ կնքված` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող ոչ մարտական վարժանքներ, խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու «Վճռական աջակցություն» առաքելությունում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագիրը:


2014թ. սեպտեմբերի 30-ին Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրվել է «Աֆղանստանում փոխադարձաբար համաձայնեցված ՆԱՏՕ-ի գլխավորությամբ գործողությունների իրականացնող ՆԱՏՕ-ի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի անձնակազմի կարգավիճակի մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից և իրավական հիմք կհանդիսանա հայկական զինծառայողների կարգավիճակի համար Աֆղանստանում գտնվելու ընթացքում:


Ըստ համաձայնագրի՝ ՀՀ կողմից «Վճռական աջակցություն» առաքելությանը կտրամադրվի ստորաբաժանում՝ բաղկացած ուժերի անվտանգությունն ապահովող անձնակազմից, որն իր մասնակցությունը կունենա «Վճռական աջակցություն» առաքելության ողջ ընթացքում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումը կշարունակի իր առաքելությունը գերմանական զորախմբի կազմի մեջ և ֆինանսական ծասխերը կշարունակի հոգալ գերմանական կողմը:


Այս պահին Աֆղանստանում խաղաղպահ առաքելություն է իրականացնում  121 զինծառայող: Նոր համաձայնագրով  նրանք իրենց առաքելությունը կշարունակեն իրենց տեղակայման վայրերում: Հայ խաղաղապահներից 65-ը տեղակայված են Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում  և իրականացնում են քաղաքում տեղակայված միացյալ  ուժերի անվտանգությունը: Եվս 56 հայ խաղաղապահներ պահպանություն են իրականացնում Քասաբի ճամբարում: Համաձայնագրով հայ խաղաղապահների ստորաբաժանման փոփոխության անհրաժեշտություն չկա: Չի փոխվի նաև հայ խաղաղապահների տեղակայման վայրը: «Վճռական աջակցություն» առաքելության գործողության ժամկետը մինչև 2024թ.-ն է, և հայկական զորախումբն այդ ողջ ընթացքում մասնակցելու է առաքելությանը:


Աֆղանստանում միջազգային անվտանգության ապահովման ուժերը ստեղծվել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2001թ. դեկտեմբերի 20-ի բանաձևով: Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման մասնակցությունը սկսվել է 2010թ.:

Նույն շարքից