Արարատի մարզի հանրակրթական դպրոցներում «Պատանի երկրապահ» ակումբների ստեղծման համար կրտսեր հրամանատարական կազմ պատրաստելու նպատակով դեկտեմբերի 6-27-ը` յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, մարզի Երկրապահ կամավորական միության կողմից անցկացվում են դասընթացներ: Դասընթացներում ընդգրկված են մարզի երեք` Արարատի, Արտաշատի եւ Մասիսի տարածաշրջանների հանրակրթական յուրաքանչյուր դպրոցից ըտրված 10-14 տարեկան երկուական աղջիկ և տղա:
«Արմենպրես»-ին մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ Սուրեն Շահինյանն ասել է, որ վերոհիշյալ ակումբներն ունենալու են վաղվա զինվորների հայրենասիրական դաստիարակության ուղղվածություն: Բոլոր դպրոցներն արդեն ստացել են նշված ակումբների ձեւավորման և հայրենասիրական դաստիարակության վերաբերյալ միջոցառուների ուղեցույցներ:
Ըստ մշակված ուղեցույցի, գործնական եւ տեսական պարապմունքները, դասընթացները վարում են համապատասխան մասնագետները ԵԿՄ տարածքային ստորաբաժանումներից, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաեւ առողջապահության և սոցիալական ապահովության վարչություններից, Արարատի մարզային փրկարարական վարչությունից: Բժիշկներն աշակերտներին գիտելիքներ կփոխանցեն առաջնային բուժօգնության վերաբերյալ, ԱԻ մասնագետները` փրկարար ծառայության, զինղեկները` շարային պատրաստվածության, զենքի հետ ծանոթացման, ինքնաձիգի քանդման- հավաքման, օդամղիչ հրացանով կրակային պարտրաստության, ԵԿՄ անդամները` հայրենասիրական դաստիարակությանը նվիրված դասեր:
Վաղը` դեկտեմբերի 27-ին տեղի կունենա ամփոփիչ դասը մարզի երեք տարածաշրջանների եկեղեցիներում. Մասիսի տարածաշրջանում` Մարմարաշենի, Արտաշատի տարածաշրջանում` Վերին Արտաշատի եւ Արարատում` Արարատ գյուղի եկեղեցում:
Շահինյանն ասաց, որ դասընթացներն անցած երիտասարդներին տրվելու են սերժանտական վկայականներ, որոնք հնարավորություն են տալու այդ աշակերտներին դառնալու իրենց դպրոցներում ձեւավորվող ակումբների կրտսեր հրամանատարները:
«Պատանի երկրապահ» ակումբները հանրապետության դպրոցներում ձեւավորվում են ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ եւ ԵԿՄ վարչության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում: