Ռազմական 

Հակառակորդին չհաջողվեց «դիպուկահարների պատերազմը» դիվերսիոն դաշտ տեղափոխել

analitik.am

«Ավարտվող տարին հագեցած էր ո՛չ միայն վերջին երկու տասնամյակում նախադեպը չունեցող սահմանային լարվածությամբ, այլև բանակաշինության ձեռքբերումներով: Չնայած չդադարող սադրանքներին` մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին զորքերի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության անվտանգության մակարդակի բարձրացման ասպարեզներում, առանձնակի ուշադրություն դարձվեց ուսումնամարտական նոր ու ավելի բարդ խնդիրների կատարմանը, մարտական կիրառման շրջաններում զորավարժությունների անցկացմանը և հատուկ ստորաբաժանումների պատրաստությանը»: Սա հատված է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամանորյա ուղերձից:

 Օհանյանը կարեւորել է փաստը, որ շարունակվել են պաշտպանության ռազմավարական վերանայման, միջազգային ռազմական համագործակցության ընդլայնման ու խորացման, նոր ռազմական տեխնիկայի ու սպառազինության ձեռքբերման, կապի համակարգի արդիականացման, առաջնագծի ինժեներական կահավորման բարելավման, ժամանակակից արգելափակոցների, ծուղակների և տեխնիկական միջոցների տեղադրման, հումանիտար ականազերծման, զինվորական ծառայությանը վերաբերող օրենսդրության լրամշակման աշխատանքները:

«Լուրջ քայլեր կատարվեցին զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության ընդլայնման, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի, արտակարգ պատահարների նվազեցման և աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ասպարեզներում: Ձևավորվեցին նաև այնպիսի գեղեցիկ ավանդույթներ, ինչպիսիք են մարզերում զորամիավորումների հրամանատարության հանդիպումներն իրենց զինվորների ծնողների հետ և զոհված զինծառայողների ծննդյան ու զոհվելու օրերին այցելությունները նրանց ընտանիքներին: Անցնող տարին մենք սկսեցինք «արատավոր բարքերի դեմ պայքարի» նշանաբանով և համագործակցելով դպրոցների, բուհերի, հասարակական ու պետական տարբեր կառույցների հետ՝ կարողացանք կարգապահության ոլորտում իսկապես բարձր ցուցանիշներ արձանագրել:

2014 թվականը պատմության մեջ կմնա նաև որպես մի տարի, երբ հայ ժողովուրդն ապացուցեց Արցախյան ազատամարտի նվաճումները պաշտպանելու իր վճռականությունը: Չնայած հակառակորդի կողմից «դիպուկահարների պատերազմը» դիվերսիոն դաշտ տեղափոխելու փորձերին և անգամ ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը դարանակալ հարվածով խոցելու ամոթալի քայլին՝ Հայկական բանակը չտրվեց սադրանքի և, գործնականում կիրառելով «փոքր ուժերով մեծ խնդիրներ» սկզբունքը, կարողացավ պատվով դուրս գալ իրավիճակից:



Հակառակորդն իր դավադիր քայլերի համար վճարեց բազմապատիկ մեծ կորուստներով, իսկ մենք գտանք մեր նորօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով Հայկական բանակին թույլ տվեցին պահպանել Հայոց երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը: Եվ այսօր, մեր մերձավորներին շնորհավորելով Ամանորի առթիվ ու գալիք տարում հայ ժողովրդին մաղթելով ամենայն բարիք` առաջին հերթին պիտի «Հավերժ փառք» ասենք հայրենի հողի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած մեր բոլոր հին ու նոր նահատակներին:



Ու նաև պիտի հպարտանանք այն զինվորներով ու հրամանատարներով, ովքեր հեռվում գտնվող միջազգային զորավարժարաններից զորավիգ եղան խրամատներում կանգնած իրենց մարտընկերներին: Հիշե՛նք միջազգային զորավարժությունների ընթացքում հայկական ստորաբաժանումների բարձր արդյունքները, հայկական անձնակազմերի հաղթական մասնակցությունը «Տանկային բիաթլոն-2014» մրցումներին, միջազգային մրցույթ-հավաքում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների նվաճած երեք ու կես տասնյակ մեդալները և Հայաստանում նմանատիպ հավաքներ անցկացնելու իրավունքի նվաճումը:



Սիրելի հայրենակիցներ



Սկսվում է 2015 թվականը, որը բոլորիս համար ոչ միայն նոր հույսերի ու սպասումների տարի է, այլև երբևէ չսպիացող վշտի հարյուրամյա տարելիցը: Ոգեկոչելով մեր բյուրավոր նահատակների հիշատակը՝ միշտ պիտի հիշենք, որ հայրենի շեներում թե տարագրության ճամփաներին նրանք զոհվեցին անկախ Հայաստան ու հզոր բանակ երազելով: Մեր միասնականության շնորհիվ Հայոց բանակն այսօր վստահորեն պաշտպանում է Հայաստանի ու Արցախի սահմանները և այլևս թույլ չի տալու սարսափելի անցյալի կրկնությունը: Ամրապնդե՛նք այդ միասնությունը` պաշտպանելու համար Հայաստանի ազատության ու անկախության իրական պահապաններին` այս հաղթական խաղաղությունը ո՛չ թե տոնից տոն, այլ ամե՛ն օր մեզ նվիրող 18-20 տարեկան մեր զավակներին:



2014 թվականին հայոց բանակի բանակի ձեռքբերումները ցայտուն կերպով ապացուցում են, թե հասարակության հետ սերտ համագործակցության և հասարակության օժանդակության դեպքում ի՜նչ հսկայական բարձունքների կարելի է հասնել բանակային կարգապահության և ընդհանրապես զինված ուժերի պատրաստության ոլորտում: Ապացուցում են, որ հայ ժողովրդի համախմբմամբ զորացած Հայոց բանակն անպարտելի է: Այժմ՝ բազում անելիքներով, մարտահրավերներով լի 2015 թվականի նախաշեմին, ես Հայոց բանակի ամբողջ անձնակազմի խորին շնորհակալությունն եմ փոխանցում մեր հասարակությանը՝ զինված ուժերի շուրջը համախմբվելու, ինչպես նաև մեզ վստահելու, հավատալու համար:

Վստահ եմ, որ տոնական այս օրերին ամանորյա եղևնիների գույնզգույն շղթաների ու լույսերի միջից դուք անընդհատ տեսնում եք նաև զինվորական համազգեստները հագին Արաքսից մինչև Տավուշ, վերաբնակեցվող Մարտակերտ ու Օմարի լեռնանցք` մարտական հենակետերում Հայաստանն ու Արցախը պաշտպանող զինվորների ու նրանց հրամանատարների, Աֆղանստանում, Կոսովոյում ու Լիբանանում շնորհակալ առաքելություն իրականացնող խաղաղապահ զինծառայողների պայծառ դեմքերը:



Կրկին շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ, և թող 2015-ը դառնա համազգային նվաճումների, հայրենանվեր բոլոր մտահղացումների ու նախաձեռնությունների իրականացման տարի:

Աստված մեզ պահապան:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ»:

Նույն շարքից