Ռազմական 

Մեկնարկել է ձմեռային զորակոչը

analitik.am

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 8-ին ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է Հանրապետական կենտրոնական հավաքակայան` 2015թ. ձմեռային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:


Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, պաշտպանության նախարարը նախ զրուցել է որդիներին ճանապարհելու եկած ծնողների հետ և հավաստիացրել, որ ԶՈՒ ղեկավարությունը անում է հնարավոր ամեն ինչ զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաև ֆիզիկապես և հոգեպես անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու համար:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև զորակոչիկների ծնողներին ու հարազատներին հուզող հարցերին:
Հավաքակայանի աշխատակիցներին և զորակոչային հարցերով զբաղվող մարմինների ներկայացուցիչներին անհրաժեշտ ցուցումներ տալուց հետո պաշտպանության նախարարը ներկա է գտնվել վիճակահանության գործընթացին:

Շրջայցի ավարտին էլ պաշտպանության նախարարը ճեպազրույց  է ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Կարեւորելով արդարության և օրինականության մթնոլորտում զորակոչի կազմակերպման գործընթացի շարունակականությունը՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ զորակոչից զորակոչ իրականացվող աշխատանքները որակապես բարելավվում են բոլոր ուղղություններով և ներդրվում են մի շարք նորամուծություններ: Հերթական զորակոչի նորամուծություններից մեկն էլ այն է, որ զորակոչիկները զորահավաքակայանում այլևս բժշկական պատվաստումներ չեն անցնում: Դրանք իրականացվում են նախքան զորակոչը՝ քաղաքացիական բուժհիմնարկներում կամ զորակոչի ավարտից հետո՝ արդեն այն զորամասում, որտեղ երիտասարդն անցնում է ծառայության:

 

Նույն շարքից