Ռազմական 

Թուրքիան կործանիչներ է օդ բարձրացրել

analitik.am

Թուրքիայի և Սիրիայի սահմանին որոշակի լարվածություն է առաջացել, երբ սիրիական օդուժի Մի-17 ուղղաթիռի` սահմանին մոտ թռիչքի ժամանակ թուրքական կողմն օդ է բարձրացրել F-16 կործանիչներ:

 

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ` թուրքական ավիացիան հունվարի 17-ին օդ է բարձրացրել կործանիչները, երբ թուրք-սիրիական սահմանից 2-3 կմ հեռավորության վրա` Սիրիայի տարածքում, թռիչք է իրականացրել Սիրիայի ռազմաօդային ուժերի Մի-17 բեռնատար ուղղաթիռը: Ներկայիս Թուրքiայի Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգի ուղղությամբ շարժվող ուղղաթիռը, սահմանը չհատելով, վերադարձել է, ինչից հետո միայն Թուրքիան վայր է իջեցրել F-16-երը: Լուրջ միջադեպեր չեն գրանցվել:

 

Նշենք, որ Սիրիայի ներքին հակամարտության սկզբից թուրքական օդուժը մշտապես օդ է բարձրացնում իր կործանիչները, երբ սիրիական ռազմական ուղղաթիռները կամ ինքնաթիռները Թուրքիայի և Սիրիայի սահմանի մոտակայքում թռիչքներ են իրականացնում։

 

2013 թվականի սեպտեմբերին թուրք-սիրիական սահմանի մոտ նման թռիչքի ժամանակ Թուրքիայի F-16 կործանիչը կրակ էր բացել պատահաբար թուրքական օդային տարածքը հատած սիրիական Մի-17 ուղղաթիռի վրա: Ուղղաթիռն ընկել էր Սիրիայի տարածքում։

 

2014 թվականի մարտին էլ Թուրքիան խոցել էր Սիրիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-23 կործանիչը` կրկին մեղադրելով սահմանը խախտելու համար:

 

Հավելենք, որ պաշտոնական Անկարան տարատիպ աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին:

Նույն շարքից