Ռազմական 

Ադրբեջանցի դիվերսանտները պետք է կրեն պատիժ օրենքի ողջ խստությամբ

analitik.am

 Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը ԼՂՀ տարածքում կատարել են դիվերսիոն ահաբեկչական գործողություն, որի զոհ են դարձել անմեղ քաղաքացիներ, հետեւաբար, այդ մարդիկ դատարանի որոշմամբ պետք է կրեն արժանի պատիժ: Տեսակետը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանինն է: «Նրանց հանդեպ դատավարություն է կատարվել, եւ  դա համարում ենք Արցախի զորության դրսեւորում, քանի որ, ի տարբերություն Ադրբեջանի, հաշվեհարդար չենք տեսնում: Բաց ու թափանցիկ դատավարության արդյունքում մեղքը պարզվել է, եւ Ասկերովն ու Գուլիեւը պետք է կրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ»,-ասաց Բաբայանը` բացառելով ադրբեջանցի դիվերսանտների առնչությամբ որեւէ քննարկման անցկացումը:

 

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ռուաստանի Դաշնությունը հայկական կողմի հետ կքննարկի 2014 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կողմից ձերբակալված դիվերսանտ Դիլհամ Ասկերովի հարցը: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձում է ադրբեջանցի դիվերսանտներին ներկայացնել որպես ռուսաստանցիներ` փորձելով այդ կերպ լուծում գտնել հանցագործներին հետ վերադարձնելու հարցում: Մինչդեռ, դեռեւս  հուլիսին, երբ ադրբեջանական կողմը նոր էր տարածում այդ թեզը, Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, որ Քարվաճառում ձերբակալվածների մեջ ՌԴ քաղաքացիներ չկան: Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովին հղած նամակում դեսպանը հայտնել է. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Քառվաճառում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ձերբակալվածների մեջ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չկան», - գրել է Դորոխինը:

 

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: ԼՂՀ  դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել հուլիսի 14-ին Քարվաճառ ներթափանցած ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի ձերբակալված անդամներին: 

 

Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ  թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։


Սկզբնաղբյուրը՝ «Արմենպրես»

Նույն շարքից