Ռազմական 

Հակառակորդի ցանկացած ոտնձգություն արժանի պատասխան կստանա. Սեյրան Օհանյան

analitik.am

Եթե հակառակորդը քաղաքական առումով չի հասկանում հրադադարի պայմանագիրը, ապա նրա ցանկացած ոտնձգություն արժանի պատասխան կստանա. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Իսկ եթե սադրանքները շարունակական են, պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք, և մենք այդ հնարավորությունն ունենք»,-ասաց նա: 

Նախարարը հիշեցեց, որ 1994թ-ին ստորագրվել է հրադադարի պայմանագիր և վերջին տարիներին հակառակորդն ակնհայտորեն անընդհատ փորձել է լարել իրավիճակը՝ փորձելով պարտադրել հասել հաջողությունների բանակցային գործընթացում:

«Անհաջողությունները և սեփական անձնակազմի կորուստները նրան չեն ստիպում հետ կանգնել այդ գործելաոճից։ ՀՀ ռազմական ղեկավարության համար այս իրավիճակն ընդունելի չէ՝ նաև հաշվի առնելով ժողովրդի մոտ ունեցած իրավիճակի վերաբերյալ տպավորությունները, բայց պետք է կտրուկ որոշումներ կայացնել, կամ պետք է պայմանագրից ելնելով շարժվել, կամ էլ՝ կանխարգելիչ գործողությունների իրականացնել»,–հայտարարեց պաշտպանության նախարարը։

Նա նշեց, որ հետևում են հակառակորդի շարժին՝ կազմին, դիրքին, վերախմբավորումներին, և թե ինչ նպատակ են հետապնդում՝ հստակ գործողություննե՞ր են, թե՞ ցուցադրական:

«Բայց ինչ նպատակ էլ ունենա հակառակորդը, մեր գործողությունները հստակ են լինելու, նաև կլինեն կանխարգելիչ գործողություններ: Եթե հակառակորդը մտածում է, որ մենք պահպանելու ենք պաշտպանությունը հանուն հրադադարի, ապա սխալվում է՝ մենք  պատրաստ ենք ցանկացած գործողությունների, շփման գիծն ու հակառակորդի տարածքը կարող ենք վերածել մի թեժ կետի, որից ինքը գլուխ չի հանի»,-նշեց նա:

Հարցին, թե դա չի՞ հանգեցնի պատերազմի հրահրման վտանգի, նախարարը պատասխանեց՝ նշելով, որ ոչ մի ռազմական գործիչ չի կարող 100%-ով բացառել այս կամ այն տիպի կամ լոկալ մարտական գործողություները։ «Բայց մենք ամեն ինչ կանենք, որ չվերածվի լայնամասշտաբ պատերազմի, և այդ միտումը չենք տեսնում»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը նկատեց, թե մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տվել, որ հակառակորդի կողմից լարվածության ավելացումն ունի մի քանի նպատակ՝ և՛ ներքաղաքական, և՛ արտաքին հարցերում:

Ըստ նախարարի՝ ներքաղաքական նպատակն է այն բոլոր երևույթներից, որ տեղի են ունենում՝ տնտեսական խնդիրներից, խոսքի ազատության, մարդու իրավունքների բացթողումներից շեղելը:

«Արտաքին քաղաքական նպատակն ազդելն է բանակցային գործընթացի վրա, և այդ առումով լարվածությունն անընդհատ ցույց է տալիս նրանց գործելաոճը»,- ասաց նա:

Նույն շարքից