Ռազմական 

ՀՀ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրն իրականացնում է միջազգային ու տարածաշրջանային բարդ պայմաններում. նախարար

analitik.am

ՀՀ պաշտպանության  նախարարությունը և Զինված ուժերը իրենց  առջև դրված խնդիրը՝ պետության պաշտպանությունը, իրականացնում են միջազգային և տարածաշրջանային բավական բարդ պայմաններում, որոնք իրենց ազդեցություն են ունենում իրականացվող  պետական քաղաքականության վրա.  այսօր՝ 2014թ-ի տարեկան ամփոփիչ ասուլիսին, հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ նախարարի՝ դա ՀՀ ՊՆ-ից պահանջում է իրավիճակի ճշգրիտ գնահատում, նոր մոտեցումների որդեգրում, թափանցիկություն և այլն: «2014-ի համաշխարհային զարգացումները ցույց տվեցին, որ Հարավային Կովկասում և մերձ տարածքում առկա են ապակայունացման միտումներ, հակամարտություններից բացի, միմյանց տրամագծորեն տաբեր անվտանգության դաշինքներին և ուժային կենտրոններին հարելու պետությունների քաղաքականություն»,- ասաց նա:

Նախարարն անդրադարձավ տարածաշրջանի ապակայունացման գնացող Ադրբեջանի քաղաքականությանը: «Դատելով Ադրբեջանի գործելաոճից այդ երկրի ղեկավարությունը մեկ նպատակ է հետապնդում ՝ լարվածության մեջ պահել ՀՀ և ԼՂՀ սահմանները,  քաղաքական զիջումներ պարտադրել: Ադրբեջանը շարունակում է  գերռազմականացման քաղաքականությունը, սեփական հանրության մեջ սերմանելով ատելություն հայերի նկատմամբ, շարունակում է մերժողական քաղաքականությունը ԼՂՀ հարցում բանակցային գործընթացում»,- ասաց նա:

Թե՛ 2014-ին և թե՛ այս տարի հակառակորդն իրականացնում է  դիվերսիոն գործողություններ և դիպուկահարների պատերազմ: «Դրանք կրում են և դիտավորյալ և պլանավորված բնույթ և  նպատակ են հետապնդում շոշափել ինչպես մեր պաշտպանվածության ամրությունը, այնպես էլ սրել առկա լարվածությունը: Բազմաքանակ սադրանքների պարագայում նրանք լուրջ հաջողության չեն հասել: Ադրբեջանը վարում է նաև տեղեկատվական հակապայքար, հակահայկական քարոզչություն է տարվում փաստերի հրեշավոր խեղաթյուրմամբ: Հարևան երկրի նման գործելաոճը լրջագույն վտանգ է  ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար»,- ասաց նա:

Այդ մարտահրավերներին դիմակայելու համար 2014թ-ին, ըստ նախարարի, ՊՆ ջանքերը կենտրոնացվել են մի կողմից պաշտպանական համակարգի զարգացման և ԶՈւ ռազմական կարողությունների կայունացման վրա,  մյուս կողմից՝ միջազգային ինտեգրման և հավաքական  պաշտպանության ավելացման:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե 2014-ը ձեռքբերումների ու դիրքերի կայունացման տարի էր և ավելացրեց, որ այս տարի էլ հետևողական աշխատանքով ամրապնդելու են դիրքերը՝ ապացուցելու համար, որ դա պատահականություն չէ:

Նախարարի խոսքով նախորդ տարի ՀՀ ԶՈՒ-ն բարելավել է մարտական կարողությունները, լայնածավալ ռազմավարական զորավարժություններ են իրականացվել, որոնցից ամենահայտնին «Միասնություն 2014»-ն էր:

Նախարարը խոսեց 2015-ի առաջին ամսի  մեծ լարվածության մասին: «Ադրբեջանն ամիսը սկսեց ավելի հանդուգն ու լկտի մոտեցմամբ, սակայն այս անգամ էլ պարտվեց, որովհետև հայ զինվորն իր տունն է պաշտպանում… Ասել եմ ու էլի եմ ասում՝ մենք չենք կորցրել, մենք գտել ենք հերոսներին, որոնք բարձր են պահել ազգի պատիվը»,- ասաց նախարարը՝ խոսելով հակառակորդի հետախուզադիվերսիոն գործողությունների պատճառով զոհված զինծառայողների մասին:

«Անկասկած յուրաքանչյուր կառույցի ղեկավար հաջողություններից ուրախանում է, բայց բանակն այն տեղն է, որ չի թողնում հրամանատարները նիրհեն դափնիների վրա»,- ասաց նա:

Նախարարը կարևորեց նաև անցած տարի օգոստոսյան միկրո պատերազմի ժամանակ ԶԼՄ-ների աշխատանքն ու դերը, քանի որ «հակառակորդին հաղթեցինք նաև տեղեկատվական դաշտում»։

Նույն շարքից