Ռազմական 

Բանակի կենտրոնական մարզական ակումբի մարզիկները 55 ոսկե մեդալ են նվաճել

analitik.am

Հայաստանի Բանակի կենտրոնական մարզական ակումբի համար անցած մարզական տարին լավագույններից էր, իսկ 2015 թվականի համար զինվոր-մարզիկների համար առաջնահերթ կլինի Հայրենական  մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված ռազմամարզական միջոցառումներին մասնակցությունը:


«Անցած տարվա ընթացքում Բանակի կենտրոնական մարզական ակումբի մարզիկները տարբեր մրցաշարերում նվաճել են 55 ոսկե , 27 արծաթե և 17 բրոնզե մեդալ: Սակայն,  այս մեդալները հիմնականում  անհատական մարզաձևերից են:  Թիմային մարզաձևերի մրցումներին  շատ քիչ ենք մասնակցում, քանի որ  թիմ կազմելու համար խնդիրներ ունենք, և  թիմ  կազմավորելը ավելի դժվար է: Սակայն պետք է նշեմ, որ աշխարհի մակարդակով անցկացված  ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մեր  թիմը գրավեց  3-րդ տեղը: Այդ մրցաշարին մասնակցում էին 137 պետությունների  թիմեր: Իսկ ահա ձյուդոյի ԱՊՀ թիմային մրցաշարում Հայաստանն առաջինն էր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է  Զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանը:


Նրա խոսքով,  2015 թվականի հիմնական միջոցառումը անցկացվելու է Ռուսաստանում`  նվիրված Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 70-ամյակին: «Այս տարի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին  նվիրված   սպարտակիադան կկայանա Ռուսաստանում, որին կմասնակցենք  նաև մենք` զինվոր մարզիկներով: Ընդհանուր առմամբ, նրանք կպայքարեն 12 մարզաձևերում, որոնցից երկուսը` ձյուդոն և ըմբշամարտն են, մնացածը` ռազմակիրառական են: Մրցաշարին, նախնական տեղեկատվության համաձայն,  ներկա կլինեն  նաև մասնակից պետությունների պաշտպանության նախարարները»,- ավելացրեց  գնդապետը:


Գրիգորյանը խոսեց նաև ԲԿՄԱ-ում հաղթանակներ  տոնած աղջիկների մասին. «Մեր  շարքերում ունենք աղջիկներ, ովքեր  նույնպես մասնակցում են միջազգային մրցաշարերի: Այս տարի առաջին անգամ, այլ պետությունների շարքում,  կմասնակցենք  օլիմպիադայի կարգավիճակ ստացած մեծ մրցաշարի: Այն տեղի կունենա Հարավային Կորեայում, լինլու է 24 մարզաձևերի պայքար, ինչպես օրինակ, հեծանվային սպորտ, շախմատ և այլն»,-եզրափակեց նա:


 Բանակի կենտրոնական մարզական ակումբը հիմնադրվել է 1991 թվականին: 

Նույն շարքից