Ռազմական 

Իր հետևից թողեց պատիվ, անուն ու հարգանք, որը վայել է հայ տղամարդուն. զոհված զինվորի հայր

analitik.am

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր ՀՀ Նախագահի հրամանով հետմահու «Արիության մեդալով պարգևատրվեցին» ժամկետային զինծառայողներ Վարդան Մկրտչյանը և Խաչատուր Բադասյանը, իսկ «Մարտական խաչ» մեդալով՝ զոհված զինծառայող Մովսես Գասպարյանը:


Հունվարի 3-ին ԼՂՀ-ի Ասկերանի շրջանում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհված 19-ամյա Վարդան Մկրտչյանի հայրը՝ Մարտիկ Մկրտչյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ որդին իր հետևից թողեց պատիվ, անուն ու հարգանք, որը վայել է հայ տղամարդուն:


«Որդիս ծնվել է 1995թ-ին հունիսի 12-ին, 2013թ. հենց իր ծննդյան օրն էլ զինակոչվեց բանակ. ինքը կամեցավ այդ օրը գնա: Սովորում էր Ճգնաժամային կառավարման ակադեմիայի առաջին կուրսում: Պետք է վերադառնար ու շարունակվեր ուսումը, բայց այս ամսվա չարաբաստիկ հունվարի 3-ը նրա կյանքին վերջ դրեց: Մեն-մենակ մնալով բազմաթիվ ազերի վարձկանների դեմ, մեն-մենակ մարտնչելով, որդիս լուսաբացին զոհվեց»,-ասաց նա:

 

Զոհվածի հայրը նշեց, որ որդին երբեք սահմանի լարվածությունների մասին չի խոսել, դեռ ավելին՝ ասել է, որ ամեն ինչ լավ է:


«Ամեն օր խոսել եմ նրա հետ, նույնիսկ դեպքից 20 րոպե առաջ էլ էինք խոսել, հանգիստ խոսում էինք, լարվածության մասին ոչ մի բան չի ասել, միայն ասել է հանգիստ եղեք, ոչ մի բան չկա: Ամեն ինչ կարգին, նա էր մեզ հույս տալիս»,-ասաց նա:

Նույն շարքից