Ռազմական 

Դամասկոսի թաղամասերը հրթիռակոծվել են

analitik.am

Դամասկոսի մերձակայքում գտնվող «Ֆայհա» մարզահամալիրի վրա հրթիռներ ընկնելու հետևանքով 2 խաղաղ բնակիչներ են վիրավորվել: Ինչպես հաղորդում է   սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ, 3 հրթիռ ընկնելու հետևանքով համալիրը նաև նյութական վնասներ է կրել:


Բացի այդ, ահաբեկչական հարձակման են ենթարկվել Դամասկոսի թաղամասերը, ինչի հետևանքով կին և երեխա են զոհվել: Հրթիռներն ընկել են Օմարա, Շաղուր, Մազրաա, Բաբ Թումա, Դաուար ալ Ջամարիք թաղամասերում:

 

Սիրիական բանակը շարունակում է Դամասկոսի մերձակա շրջաններում պայքարել զինված ահաբեկչական խմբավորումների դեմ: Մասնավորապես, Զաբադանիի շրջանում և Մդայա ագարակներում հարձակումներ են իրականացվել ահաբեկիչների թաքստոցների վրա՝ մեծ վնասներ պատճառելով նրանց:

 

Ահաբեկիչների մի քանի թաքստոցներ են ոչնչացվել Դումա քաղաքի թաղամասերում: Դումա քաղաքում և ագարակներում տարածվել են «Իսլամական բանակ» կոչվող կազմակերպության ահաբեկիչները, որոնք հարձակումներ են իրականացնում խաղաղ բնակիչների վրա:

 

Հոմսի արևելյան գյուղերում «Իսլամական պետության» հավաքատեղիներ են ոչնչացվել: Ավելի քան 30 ահաբեկիչներ են սպանվել Լաթաքիայի Աբու Քրիստին ագարակում: Ոչնչացվել են նրանց պատկանող զրահամեքենան և հրթիռների պահեստը, որտեղ 50-ից ավելի հրթիռներ են եղել: 

Նույն շարքից