Իրավական 

Գևորգ Կոստանյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է դատախազների ուսուցման նոր հնարավորությունները

analitik.am

ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի, ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրի ղեկավար Տիգրան Կարապետյանի և ծրագրի համակարգող Կամիլ Գենգլոֆֆի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են դատախազների ուսուցման նոր հնարավորությունների ներդրմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի HELP (Human Rights Education for Legal Professionals) էլեկտրոնային համակարգի միջոցով՝ էլեկտրոնային կամ հեռավար սկզբունքով կազմակերպվող դասընթացների կազմակերպման հնարավորությունները:

ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովն առաջարկել է եվրոպական մի քանի պետությունների մասնակցությամբ համատեղ դասընթացներ կազմակերպել, ինչը հնարավորություն կտա ներդնել եվրոպական չափանիշներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պետության օրենսդրության և քրեադատավարական համակարգերի առանձնահատկություններն ու ընդհանրությունները:

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել այդ ձևաչափով համագործակցության հնարավորությունը` կարևորելով մարդու իրավունքների և դրա հետ կապված դատախազական գործունեությանն առնչվող գործնական և արդյունավետ ծրագրերի իրականացումը:

Միխայիլ Լոբովի ընդհանուր ղեկավարությամբ է իրականացվելու խոշտանգումների և այլ դեպքերի կանխարգելմանը նպաստելուն ուղղված նոր ծրագիրը, որի հիմնական գործընկերներն են ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ արդարադատության ակադեմիան: ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի կայքի շնորհանդեսի ծրագիրը նույնպես իրականացվում է Մ. Լոբովի ընդհանուր ղեկավարության գործող ծրագրի շրջանակներում:

Նույն շարքից