Մշակույթ 

Մեկնարկում է «Հայֆեստ» 13-րդ միջազգային թատերական փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայ դերասանների միություն» հասարակական կազմակերպությունը` ս. թ. հոկտեմբերի 1-8-ը կանցկացնի «Հայֆեստ» միջազգային 13-րդ թատերական փառատոնը, որը կրում է «Զգացողությունների թանգարան» խորագիրը:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս. թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 20:00-ին, Նորարար-փորձառական արվեստի կենտրոնում (Փավստոս Բյուզանդի փ. 1/3)` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ բեմադրված «Զգացողությունների թանգարան» ցուցահանդես-ներկայացումով:

«Հայֆեստ» թատերական փառատոնին այս տարի կհյուրընկալվի 26 երկրից ժամանած` 250 մասնակից և հյուր, որոնց թվում են հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ` ԱՄՆ-ից, Ավստրիայից, Բանգլադեշից, Գերմանիայից, Էստոնիայից, Իսրայելից, Իտալիայից, Իրանից, Լեհաստանից, Լիբանանից, Լիտվայից, Կանադայից, Հունաստանից, Հունգարիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սերբիայից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 70 ներկայացում:

Թատերասեր հանրությունը հնարավորություն կունենա դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև մի շարք ներկայացումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փառատոնի առավել նշանակալի ներկայացումներից են` Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակումը» (Լիտվա), «Գլոբուս» շեքսպիրյան թատրոնի «Համլետը» (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծը» (ԱՄՆ):

Երևանյան թատրոններից` «Հայֆեստի» հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր», «Միհր» և այլ թատրոններ:

Այս տարի ևս «Հայֆեստը» հանդես կգա տարբեր ծրագրերով, այդ թվում` «Արմֆեստ» ուսանողական ծրագրով: Ծրագիրը նախատեսում է նաև վարպետության դասընթացներ, որոնք կանցկացնեն փառատոնի հյուրերը: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը:

Հիմնական ներկայացումների մուտքն անվճար է:

Նույն շարքից