Իրավական 

26-ամյա երիտասարդը մեղադրվում է կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար

 ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 26-ամյա տղամարդու կողմից կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. հունիսի 6-ին՝  ժամը 20:00-ի  սահմաններում, 26-ամյա երիտասարդը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ, որի  ընթացքում  վերջինիս հրել-գցել է գետնին և ոտքով հարվածներ է հասցրել որովայնին։ Հարվածների հետևանքով վնասվել է կնոջ փայծաղը՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։ Կինը վիրահատվել է «Համալսարանական թիվ 1» հիվանդանոցում, որտեղ հեռացվել է նրա փայծաղը։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ 26-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Նույն շարքից