Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ Պաշտպանութան ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամերիկյան փորձագետների հերթական այցը Հայաստան նպատակաուղղված է ռազմավարական վերանայման շրջանակներում զորային կառույցի և պաշտպանության զարգացման հնգամյա պլանի մշակմանն աջակցություն ցուցաբերելուն:
Հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել ամերիկյան փորձագետների ներդրումը Հայաստանի պաշտպանական կարողությունների կատարելագործմանն ընդառաջ արդիական գաղափարների ձևավորման հարցում: ՀՀ պաշտպանության նախարարն ավելացրել է, որ չնայած հակառակորդի նախահարձակ գործողությունները զսպելու, անդրադարձելու և պատժելու ներկայիս հրատապությանը, ռազմական գերատեսչության ջանքերը ոչ պակաս չափով մտասևեռված են կազմակերպության արդյունավետության բարձրացմանը և մարտական կարողությունների հեռանկարային զարգացմանը: