Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ եւ ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի բազմափորձ բժիշկների եւ այլ մասնագետների խումբ։ Նրանք բոլորը ներկայացրել են իրենց կրթական փաստաթղթերը, լիցենզիաների եւ Good standing հավաստագրերի պատճենները, որոնց հիման վրա այցի շրջանակում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք են ստացել։ ԱՄՆ-ից ժամանող ամերիկահայ մասնագետները կծանոթանան հայ գործընկերների հետ, կփոխանցեն իրենց փորձը, գիտելիքները, մասնագիտական կարողությունները, համատեղ գործունեություն կծավելեն:
Հիմք ընդունելով ՀՀ մարզերի համաչափ զարգացման պետական ծրագիրը եւ նպատակ ունենալով նպաստելու ՀՀ մարզերի առողջապահական համակարգերի արդիականամանը` առանձնակի կկարեւորվի մարզերի բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացումը։ Առողջապահության նախարարությունը եւս Ֆրեզնոյից ժամանող մասնագետների խմբին առաջարկել է աջակցության հիմնական ուժն ուղղել դեպի մարզեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ամերիկյան մասնագետներն աշխատեն Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի եւ Լոռու մարզերում: Նրանք իրենց հետ կբերեն նաեւ բժշկական որոշ սարքավորումներ, բուժական միջոցներ եւ դեղեր, որոնք այցից հետո կօգտագործվեն մարզային բուժհաստատություններում: