Մշակույթ 

Ջիգարխանյանական արվեստը մնայուն ու տպավորիչ է. Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ դերասանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ. այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Ջիգարխանյանական արվեստը մնայուն ու տպավորիչ է ոչ միայն իր կատարողական բարձր վարպետությամբ, այլև խոսքի յուրահատուկ մատուցմամբ ու արդեն թևավոր դարձած արտահայտություններով: Ձեր մարմնավորած դերերը բնական են, նրանց կերպավորումը` համոզիչ, հանդիսատեսի հետ կապը` անմիջական: Այս ամբողջականության մեջ Դուք ստեղծել եք կինոյի ու թատրոնի Ձեր ժամանակահատվածը և արվեստասերի հիշողության դաշտում ամրագրել Ջիգարխանյան դերասանի ու ռեժիսորի Ձեր տեսակը, որը ժողովրդական է ու երկարակյաց, հիշվող ու հիշեցնող, ապրող ու ապրեցնող:

Այդ տեսակը շարունակվում է Ձեր ղեկավարությամբ արդեն շուրջ 20 տարի գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնում, որտեղ ջիգարխանյանական մթնոլորտ է, ջիգարխանյանական միջավայր, որտեղ դերասանները ջիգարխանյանական վարպետության դասեր են ստանում, իսկ հանդիսատեսը` վայելում այդ վարպետության արգասիքը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն և բարօրություն»:

Նույն շարքից