Մշակույթ 

Ազնավուրը դատապարտել է Թուրքիայի ժխտողականությունը

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրն իր վրդովմունքն է արտահայտել 1915 թվականի ցեղասպանությանը թուրքերի վերաբերմունքի նկատմամբ և հայտնել, որ հույս ունի երկու ժողովուրդների միջև հաշտեցման ականատես լինել մահվանից առաջ:

 

Շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն իր վրդովմունքն է արտահայտել թուրքերի «ժխտողականության» հանդեպ և կոչով դիմել է թուրքերին և նրանց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

 

Հաղորդավարի հարցին, թե արդյոք հնարավոր է երբևէ թուրքերի և հայերի միջև հաշտեցում, Ազնավուրը պատասխանել է. «Դա հարկավոր է, անկասկած, հարկավոր, քանի որ մենք երկու ժողովուրդներ ենք, որ շատ նման ենք իրար: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք: Բացի այդ, ծիծաղելի եմ համարում, որ այսօր մի կողմից ատելություն է, իսկ մյուս կողմից՝ հիշողության բացակայություն և սուտ»:

 

Հաղորդավարի հարցին, թե ինչ կասեր Ազնավուրը Թուրքիայի նախագահին՝ երգիչն ասել է. «Ես նրան կասեի, որ ժխտումը շատ թանկ արժե: Այդ գումարները կարող են այլ բաների ծառայել, օրինակ՝ այն երիտասարդ թուրքերի համար, ովքեր, հնարավոր է, համալսարանում սովորելու միջոցներ չունեն: Հարկավոր է ատել ժխտողներին: Ժխտողականությունը մասնագիտություն է, շատ վատ մասնագիտություն»:

 

Ազնավուրը դիմել է թուրքերին՝ ասելով. «Մենք եղբայրներ ենք, և մենք միշտ ենք եղբայրներ եղել»: Նրա խոսքով՝ չնայած պատմության ընթացքում պահեր կան, որ մեզ բաժանում են, սակայն հարկավոր է դա հաղթահարել և ընդհանուր կյանք վերսկսել:

 

Շանսոնյեն հիշեցրել է նաև, որ Էրդողանը 2015 թվականի ապրիլի 24-ին հրավիրվել է Հայաստան: «Նա դեռ չի պատասխանել: Սակայն եթե նա գնա այնտեղ, ես էլ նրա հետ կգնամ»,- ասել է Ազնավուրը:

 

Հարցազրույցը եզրափակելով՝ 90-ամյա երգիչը, ով համերգային շրջագայություն է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, հույս է հայտնել դառնալ «առաջին 100 տարեկան երգիչը բեմում»: «Եկեք և ինձանից հարցազրույց վերցրեք իմ 100-ամյակին՝ 2024 թվականի մայիսի 24-ին»,- ասել է նա:

Նույն շարքից