Մշակույթ 

Մայր աթոռում կմեկնարկի հայկական գրադարանների երրորդ միջազգային համաժողովը

analitik.am

ՀՀ մշակույթի նախարարության, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ, հոկտեմբերի 6-7-ին, տեղի կունենա «Անցյալի պահպանություն՝ հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների երրորդ միջազգային համաժողովը:


Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այս համաժողովը 2009 թ. օգոստոսին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի «Գրիգոր եւ Կլարա Զոհրապ» տեղեկատվության կենտրոնի կազմակերպած հայկական գրադարանների առաջին համագումարի եւ «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» եւ «Հայ գրատպության 500-ամյակի» հանդիսությունների շրջանակում 2012 թ. ՀՀ մշակույթի նախարարության, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ կազմակերպված հայկական գրադարանների երկրորդ միջազգային համաժողովի շարունակությունն է:

 

Համաժողովի ընթացքում կլինեն քննարկումներ երեք հիմնական թեմատիկ ուղղություններով.

 

• Գրքափոխանակության կազմակերպում հայագիտական հաստատությունների միջեւ,

 

• Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ,

 

• Հայկական տպագիր ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծում`

 

ա. Հայ հնատիպ գրքի համահավաք շտեմարանի ստեղծում,

 

բ. Հայ պարբերական մամուլի համահավաք շտեմարանի ստեղծում:

 

Համաժողովին անդրադարձ կկատարվի նաեւ հայկական գրադարաններում եւ հայագիտական կենտրոններում հայ հնատիպ գրքերի առկայությանը, եզակի հավաքածուների թվայնացման ուղղությամբ կատարված եւ կատարվելիք աշխատանքներին, հավաքածուների էլեկտրոնային մատենագիտական նկարագրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, հայագիտական հավաքածուների տեսանելիությանը համացանցում, հազվագյուտ հավաքածուների պահպանման ու վերականգնման հարցերին։

 

Համաժողովը հոկտեմբերի 6-ին կանցկացվի Մայր աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում (բացումը` ժամը 9:15-ին)։

Նույն շարքից