Մշակույթ 

«Մենք մեզ ենք պետք». Ղազախ ռեժիսորը հայերին հորդորում է չվախենալ ցուցադրել ազգային կենցաղը

analitik.am

 Ծաղկաձորում անցկացվող «Ես եմ» միջազգային  երիտասարդական կինոփառատոնին  մասնակցում  է նաև  ղազախ ռեժիսոր Շարիֆա Ուրազբաևան, ով նաև «Ոսկե Ծիրանին» մասնակցության փորձ ունի:

 

«Հայաստանը, Երևանն  իմ երկրորդ տունն է դարձել»,- ասում է նա: Հետո շարունակում, թե ղազախների և հայերի միջև ընդհանրություն կա` երկուսն էլ  հյուրասեր և «տաք» ժողովուրդ են: Շարիֆան գոհ է նաև փառատոնի կազմակերպվածությունից և բովանդակությունից. «Կինոփառատոնը կազմակերպված  է բարձր  մակարդակով  շատ ջերմ  է վերաբերմունքը  մասնակիցների նկատմամբ, ճիշտ  է արված  ֆիլմերի ընտրությունը` խաղարկային, վավերագրական,  անիմացիոն, բնականաբար, հասուն են նաև կինոդիտումներին  հաջորդած քննարկումները:  Ես կցանկանայի ևս մեկ  անգամ և շատ  անգամներ   Հայաստանում լինել»:

 

Այստեղ  Շարիֆան անկեղծացավ և ասաց, որ իրեն դուր է եկել հայ ռեժիսորներից հատկապես Անդրանիկ Հարությունյանի «Արտ  հոթել» ֆիլմը, որը պատմում է հին «Արտ  հոթելի» հավաքարար` 35-ամյա Կարմենի և հյուրանոցի  այցելու, պլաստիկ վիրաբույժի միջև ծագած կռվի ու դրանից հետո վերաճած սիրո մասին: Ի դեպ, գործողությունները  զարգանում են զուգարանում:

 

«Ես  կուզեի  այս  ֆիլմը  Ղազախստանում ցուցադրել անպայման»,- շեշտեց նա:

 

Անդրադառնալով հայ երիտասարդների ընդհանուր կինոմտածողությանը՝  Շարիֆան խորհուրդ տվեց վերադառնալ ազգայի արմատներին և չկտրվել դրանից  երբեք:

 

«Ես կցանկանայի հայ  ռեժիսորների  ֆիլմերում տեսնել հայ հերոսներին, հայի ազգային  դեմքը: Թմրամոլությունը, աբորտը համամարդկային  խնդիր է, անօթևանների  և լքվածների ևս ամեն  տեղ կարելի է հանդիպել, այնպես որ՝ պետք է ցույց տալ ազգային կինո: Փարաջանովի, Կիմ Կի Դուկի, ինչու չէ, նաև իրանական  ֆիլմերի  հաջողությունը հենց այն է, որ նրանք ազգայինն են ցույց տալիս: Մենք  չպետք է վախենանք ցուցադրել մեր ազգային կենցաղը, օրինակ, ինձ  հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես  եք դուք ազգային կերակուրներ պատրաստում, ձեր մշակույթը, սովորույթները: Մենք պետք է ցույց տանք մեր դեմքը, որ աշխարհը տեսնի, թե ինչ ենք մեզանից ներկայացնում: Ոչ Եվրոպային, ոչ ուրիշ մեկին  մենք  պետք  չենք, մենք մեզ  ենք պետք»,- եզրափակեց ղազախ ռեժիսորը:

 

 

 

«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմ

 

Նույն շարքից