Մշակույթ 

Աբու Դաբիի հայկական մշակութային ընկերակցությունը ներկայացրեց իր հուշամատյանը

 Աբու Դաբիի հայկական մշակութային ընկերակցությունը հանրությանը ներկայացրեց իր գործունեությունն ամփոփող հուշամատյանը: Այն ներկայացնում է ընկերակցության1990-2010 թվականներիգործունեությունը: Գիրքը համադրել և կազմել են Անդրանիկ Տաղլյանը, Հրաչ Քալսահակյանը, Գրիգոր Ճերեճյանը, Վաչե Գասեմճյանը: Հրատարակության պատասխանատուն է Ռուզան Պետրոսյանը: Այն լույս է ընծայել «Մուղնի»  հրատարակչությունը: Գրքի շնորհանդեսին մասնակցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:


Նախարարը նշեց, որ ծանոթ է դեռևս չտպագրված գրքին: «Գրքի ամբողջ բովանդակությունն անգիր գիտեմ:  Ընկերակցությունն իր վրա առաքելություն վերցրեց՝ ներկայացնել հայ մշակույթն օտար ափերում»,-  նշել է Հասմիկ Պողոսյանը:

 

Նա ընդգծեց, որ ընկերակցությունը միայն Էմիրություններում չէր գործունեություն ծավալում: Հայաստանում շատերն էին օգնություն ստանում ընկերակցության շնորհիվ: Շնորհակալություն բոլորիդ հայրենանվեր աշխատանքի համար»,- նշեց Հասմիկ Պողոսյանը:

 

Ընկերակցության ղեկավարներից Գրիգոր Ճերեճյանը շնորհակալություն հայտնեց Մշակույթի նախարարությանը՝ շնորհանդեսը կազմակերպելու համար: «Ընկերակցության վերջին ժողովին՝ հիմնադրումից 20 տարի հետո՝ 2010 թվականին, որոշվեց հրատարակել մի գրքույկ, որը կամփոփի ընկերակցության 20-ամյա գործունեությունը և կծանուցի ընկերակցության գործունեության ավարտի մասին: Ընկերակցությունն իր ներդրումն է կատարել հայապահպանման սուրբ գործում: Այս գրքույկը պատմում է, թե ինչու և ինչպես է ստեղծվել այն»,-նշեց նա:

 

Աբու Դաբիի հայկական մշակութային ընկերակցությունը հիմնվել է 1990 թվականին: Այն հայկական մշակույթը պատշաճ կերպով է ներկայացրել Աբու Դաբիի հայկական և օտար համայնքներում: 

Նույն շարքից