Մշակույթ 

Երաժշտության աշխարհը Կոլյա Թորոսյանի մատների տակ

Նկարում պատկերված բարի պապիկը վարպետ Կոլյա Թորոսյանն է, ով սարքում է փայտե հայկական ժողովրդական  երաժշտական գործիքներ: Անչափ հետաքրքիր ու բարի պապիկին այսօր հանդիպեցի Հյուսիսային պողոտայում, նա Էրեբունի-Երևան կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակներում վաճառք-ցուցահանդեսի էր հանել իր իսկ ձեռքով պատրաստված գեղեցիկ փայտե երաժշտական գործիքները:

 

 

analitk.am-ի հետ զրույցի ժամանակ Կոլյա Թորոսյանը տեղեկացրեց, որ դեռևս ոչ մի գործիք չի վաճառվել, սակայն հետաքրքրությունը մեծ է ու շատ-շատ են մոտենում՝ և՛ հայերը, և արտասահմանցիները: Նա պատմեց, որ երբ զբոսաշրջիկները գնում են Ալագյազ, անպայման այցելում են նաև իր արհեստանոց: Մեկ տարի շարունակ Կոլյա Թորոսյանի արհեստանոցի մուտքը զբոսաշրջիկների համար եղել է անվճար, նրանք նայում, ուսումնասիրում էին վարպետի գործերը, սակայն այժմ մուտքը երեք հարյուր դրամ է դարձել. «Պետությունն ինձ աջակցում է, որպեսզի կարողանամ վաճառել աշխատանքներս: Պետության աջակցությամբ իմ գործերը գտնվում են Երևանի երեք երաժշտական գործիքների խանութներում, սակայն վաճառված գումարի տասը տոկոսը գնում է պետության բյուջե: Ամեն վարպետ չէ, որ կարողանում է սարքել տարբեր երաժշտական գործիքներ, նրանցից շատերը սարքում են կամ դուդուկ, կամ քյամանչա և այլն, իսկ ես սարքում եմ դուդուկ, զուռնա, շվի,քյամանչա, թառ, պարկապզուկ, պկու»,-հավելեց Թորոսյանը ոգևորությամբ:

 

 

Կոլյա Թորոսյանի  ձեռքով պատրաստված երաժշտական գործիքները ցուցադրված են Փայտարվեստի թանգարանում, Ժողովրդական արվեստի թանգարանում , Էջմիածնի թանգարանում և  Սպենդիարյանի տուն-թանգարանում:

 Դրանք նաև շատ հայտնի են ու որակով Հայաստանում ու ամբողջ աշխարհում,  դրանցով են նվագում շատ հայ և արտասահմանցի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են օրինակ՝ Գևորգ Դաբաղյանը, Յանին:

Նույն շարքից