Այսօր Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան պետական երաժշտական քոլեջում հյուրընկալվել է իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսաերատ Կաբալիեն՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, քոլեջի սաները Մ. Կաբալիեին ծաղիկներով ու ծաղկեփնջերով են դիմավորել, որից հետո նրան ուղեկցել են երաժշտական կրթօջախի նորակառույց մասնաշենքում նրա անվամբ բացված երգեցողության մասնագիտացված դասարան։
Այնուհետև մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը, երաժշտական քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը Մ. Կաբալյեի հետ զրույցում, շնորհակալություն հայտնելով նրա այցի համար՝ հույս են հայտնել, որ այն խթան կհանդիսանա Արցախում օպերային երգեցողության զարգացման համար, քանի որ, այդ առումով առկա են համապատասխան տվյալներ և ներուժ։Երգչուհին հավաստիացրել է, որ կաջակցի Արցախում օպերային արվեստի զարգացմանն ուղղված բոլոր մտահղացումներին։ « Առաջիկայում բոլորը կլսեն ձեր օպերային երգի մասին և կիրականան ձեր բոլոր հույսերը»,- ասել է Մ. Կաբալիեն։
Սայաթ Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի սաների կատարմամբ, երգչուհու ունկնդրությանն են ներկայացվել աշխարհահռչակ երգահանների ստեղծագործություններ, որից հետո, ինչպես տեղեկացրեց քոլեջի տնօրեն Կ. Դադամյանը, նախատեսվում է, որ Մ. Կաբալիեն վարպետության դասեր կանցկացնի քոլեջի՝ իր նախընտրած ուսանողների համար: