Այս տարի Բուքերյան մրցանակի է արժանացել ավստրալացի գրող Ռիչարդ Ֆլենագանը՝ The Narrow Road to the Deep North վեպի համար, հայտնում է РИА Новости-ն։
Հաղթողի անունը հայտարարվել է երեկ Լոնդոնում։ Մրցանակը հանձնել է Քորնուոլի դքսուհի Կամիլան։
Այս ստեղծագործությունը հեղինակի 6-րդ վեպն է։ Ստեղծագործության գործողությունը մասամբ վերաբերում է Թաիլանդի և Բիրմայի միջև երկաթուղային կայարանի կառուցմանը, որը հայտնի է նաև որպես Մահվան ճանապարհ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճանապարհն օգտագործվել է Ճապոնիա զենք մատակարարելու համար, իսկ դրա շինարարության ժամանակ մահացել է մոտ 90.000 ասիացի դատապարտյալ և 16.000 ռազմագերի։
Ֆլենագանի հայրը վերապրել է Մահվան ճանապարհի շինարարությունը և մահացել է երկար տարիներ անց՝ 98 տարեկանում, այն օրը, երբ որդին ավարտել է վեպը։
Բուքերյան մրցանակը հիմնվել է 1968-ին։ Այս տարի մրցույթն առաջին անգամ բաց է եղել բոլոր անգլալեզու գրողների համար, որոնց գրքերը հրատարակվել են Մեծ Բրիտանիայում։ Հաղթողը ստանում է 50.000 ֆունտ ստեռլինգ դրամական մրցանակ։ Բացի այդ, եզրափակիչ փուլում հայտնված բոլոր գրողներին հանձնվում է 2.500 ֆունտ։