Մշակույթ 

Հայաստանը և Բելառուսը սերտացնում են համագործակցությունը մշակույթի ոլորտում

Հայաստանի և Բելառուսի մշակույթի ոլորտը ղեկավարող գերատեսչությունները սերտացնում են համագործակցությունը: ՀՀ մշակույթի նախարարությունում հոկտեմբերի 17-ին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2014-2017թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարար Բորիս Սվետլովը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարևորեց երկկողմ համագործակցությունը՝ նշելով, որ ուրախ է ողջունել պատվիրակությանը մեր երկրում: «Շնորհակալ եմ, որ եկել եք Հայաստան: Համոզված եմ, որ ձեր երկիրն էլ, ինչպես մենք, հպարտ է սեփական մշակույթով: Այս համագործակցությունը կարևոր է երկու երկրների համար էլ: Ծրագիրն ընդգրկում է մշակութային բոլոր ուղղությունները: Շատ կարևոր է, որ այն ստորագրեցինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հասմիկ Պողոսյանը: Նախարարը ցանկություն հայտնեց, որ երկու երկրներում կազմակերպվեն խոշոր ցուցահանդեսներ:

Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարար Բորիս Սվետլովն ընդգծեց, որ ուրախությամբ է եկել Հայաստան: «Շնորհակալ եմ, որ դուք նման ծրագիր եք կազմակերպել մեզ համար, մենք եղել են տարբեր վայրերում: Ամենամեծ հարստությունը մարդիկ են՝ հայերը, և Հայաստանը շատ լավ տպավորություն է թողել: Մեր ընկերական և գործնական հարաբերությունները մշակույթի ոլորտում երկար պատմություն ունեն, ստորագրվել են համագործակցության ծրագրեր»,-նշեց նա: Նախարարը հատուկ շեշտեց, որ Բելառուսոււմ ևս միջոցառումներով կնշվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Կողմերը պայմանավորվեցին կազմակերպել այլ միջոցառումներ:

Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունը, նախարար Բորիս Սվետլովի գլխավորությամբ` հոկտեմբերի 15-20-ը Հայաստանում է:

Ստորագրված ծրագիրը բաղկացած է 12 հոդվածից և վերաբերում է մշակույթի, արվեստի բոլոր ոլորտներին: Ծրագրի համաձայն՝ կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն թատերարվեստի, երաժշտարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային գործի, կերպարվեստի, ժամանակակից արվեստի բնագավառում համագործակցության զարգացման համար, կաջակցեն թատրոնների, երաժշտական, պարային խմբերի փոխադարձ հյուրախաղերի կազմակերպմանը, օպերայի և բալետի արտիստների ու թատերական ներկայացումների փոխանակմանը, երկու երկրներում անցկացվող միջազգային կինոփառատոներին:  

Ըստ ծրագրի՝ կողմերը կխրախուսեն իրենց երկրների գրադարանների միջև ուղիղ կապերի հաստատումը, կնպաստեն Բելառուսի ազգային գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի մասնագետների միջև անմիջական համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակմանը: Միջոցներ կձեռնարկվեն երկու երկրների թանգարանների հավաքածուներից ցուցահանդեսներ կազմակերպելու համար, կխրախուսեն և  կնպաստեն Բելառուսի և Հայաստանի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսների փոխանակմանը: Տեղեկատվություն կփոխանակեն պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման և պրոպագանդման ոլորտում:

Այցի ընթացքում Հայաստանում կանցկացվեն նաև Բելառուսի մշակույթի օրեր: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը, նույն օրը Հովհ. Թումանյանի թանգարանում կբացվի Բելառուսի ժամանակակից արվեստի կենտրոնի գրաֆիկայի լուսանկարչական ցուցահանդեսը, իսկ հոկտեմբերի 18-ին ստեղծագործական պատվիրակությունը (Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը) ելույթ կունենա Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Այցի ընթացքում նախատեսվում է բելառուսական պատվիրակության այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մ. Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարաններ, ինչպես նաև Գեղարդի վանական համալիր և տեսարժան այլ վայրեր:

Նույն շարքից