Սոնա Ռուբենյանը «Էրեբունի-Երևան 2797»-ին ընդառաջ որոշել է իր սերն առ Երևան արտահայտել երգի տեսքով, որի պրեմիերան կլինի հենց տոնի օրը.այս մասին զրուցեցինք երգչուհու հետ:
Սիրել Երևանը նշանակում է
Սիրել Երևանը, նշանակում է սիրել ծնողներիդ, քանի որ նաև իմ քաղաքն է ծնողներիս նման ինձ դաստիարակել ու կերտել որպես մարդ, իմ երկրի ու սիրելի քաղաքիս քաղաքացի: Ու զարմանալի չէ, որ իմ բոլոր լավ հիշողությունները կապված են բացառապես Երևանի հետ: Սա ի՛մ քաղաքն է:
Սպասո՞ւմ եք Էրեբունի-Երևան տոնակատարությանը և ինչո՞ւ։
-Ամեն տարի եմ սպասում, որովհետև քաղաքի գույնն այդ օրը առանձնահատուկ է ու երևանցիներն են այդ օրը կրկնակի անգամ ավելի բարի: Ամենուր ժպիտ է, իսկ ժպտացող մարդիկ մեր քաղաքի դեմքն են, քանի որ քաղաքի ջերմությունը և բարությունը հենց մարդկանցից է գալիս: «Իմ ջերմ ու բարի քաղաք» այս տարվա կարգախոսը ամբողջացնում է մեր քաղաքի նկարագիրը:
Տեղյակ ենք, որ ունեք նոր երգ Երևանի մասին։ Ինչո՞ւ որոշեցիք քաղաքի մասին երգ ունենալ։
«Էրեբունի-Երևան»-ի տոնն է մոտենում ու որոշեցինք մեր խոսքն ու սերը քաղաքին խոստովանել երգի տեսքով: Խոսքերի հեղինակը մայրս է, մեղեդին գրել եմ ես, որը ծնվեց խոսքերը կարդալուց ոգեշնչված:
Մեղեդին լուսավոր ու պայծառ է, ինչպիսին մերԵրևանն է, մեր հազարամյակների պատմություն ունեցող, բայցև միշտ երիտասարդ մայրաքաղաքը: