Մշակույթ 

Երևանում կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության փառատոն

Երևանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության փառատոն, որի ժամանակ կհնչեն 2000 թվականից հետո գրված աշխատանքներ։

Փառատոնին ընդառաջ կոմպոզիտորների միությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Նրա խոսքով՝ փառատոնը նպատակ ունի պարզել, թե այդ ժամանակահատվածում ինչ աշխատանքներ են գրվել և ինչքանով է հայ երաժշտությունն առաջ գնացել:

«Իր տեսակով յուրահատուկ այս նախագիծը համախմբել է հայ երաժշտարվեստի առաջատար կոլեկտիվներին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական, Հայաստանի պետական կամերային նվագախմբեր, Հայաստանի պետական կամերային երգչախումբ, ինչպես նաև մենակատարներ Հայաստանից, Չինաստանից, Իսրայելից, Շվեյցարիայից»,- տեղեկացրեց Արամ Սաթյանը:

Վերջինիս խոսքով՝ փառատոնի հիմնական նպատակն է աշխարհում հայկական երաժշտությունը ներկայացնելը: Արամ Սաթյանը նաև ասաց, թե այսօր տարբեր հրատարակություններից նամակներ ունեն, որ նրանք պատրաստ են հրատարակել և հնչեցնել հայ կոմպոզիտորների երաժշտությունը: «Մենք պետք է այդ ուղղությամբ մտածենք: Հայ երաժիշտների ռեյտինգը բարձր է ամբողջ աշխարհում»,- նշեց կոմպոզիտորը:

Ասուլիսի մասնակից, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանն ասաց, թե իր ղեկավարած նվագախումբը շատ ակտիվ է: 

«Փառատոնն էլ շատ պրոֆեսիոնալ է: Մեզ համար մեծ պատիվ է մասնակցություն ունենալ այս փառատոնին»,- ընդգծեց Սերգեյ Սմբատյանը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ իր հերթին ասաց, թե սա նոր իրադրություն է մեր երաժշտության մեջ. «Երիտասարդները նոր իրադրության մեջ են հայտնվում և ավագների մոտ մտահոգություն է հայտնվում, թե ինչպես անել, որ նրանք կապը պահեն ավագ սերնդի ստեղծագործությունների հետ, ամուր կապել հիմքերի, մեր ավանդույթների հետ»:

Փառատոնն անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Նույն շարքից