ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ 2014 թ. հոկտեմբերի 26-ին, որպես ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության անդամ` Մոսկվայում մասնակցել է ՀՀՄՀ վարչության և Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) համատեղ նիստին, որի արդյունքում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ընտրվել է ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) նախագահ: Նիստին, քննարկվել են «ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության IX համաժողովի» կազմակերպման, ՀՀՄՀ 2014 թ. ծրագրերի կատարման և այլ հարցեր:
Նույն օրը նախարար Հ. Պողոսյանը մեկնել է Սոչի, որտեղ իր նախագահությամբ հոկտեմբերի 27-ին մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի XXIX նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են «Մինչև 2015 թ. մշակույթի ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության հիմնական միջոցառումների» կատարման ընթացքը և «ԱՊՀ երկրների մշակույթի ոլորտում 2016-2020 թթ. համագործակցության հիմնական ծրագրերի» նախագիծը, Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում (ք. Մոսկվա) «Նացիզմի դեմ պայքարում մենք միասին էինք» խորագրով ցուցահանդեսային ծրագրի կազմակերպման և «Համագործակցության հասակակիցներ» կինոալմանախի իրականացման, ԱՊՀ երկրների անվանի մշակույթի և արվեստի գործիչներին՝ ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի պատվոգրով պարգևատրելու, ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի պատվոգրին կից կրծքանշանի հաստատման, ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի քարտուղարության ընտրության, ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի հերթական նիստի անցկացման հարցերը:
Խորհրդի նիստին իր մասնակցությունն էր բերել ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Նիստին ներկա էին ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների՝ Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի մշակույթի նախարարները, ՌԴ և Մոլդովայի մշակույթի նախարարների տեղակալները: Նիստի բացմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև Կրասնոդարի երկրամասի մշակույթի նախարար Գալինա Սոլյանինան:
ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի որոշմամբ, առաջին անգամ ԱՊՀ երկրների անվանի մշակույթի և արվեստի 10 գործիչ պարգևատրվել են ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի պատվոգրով: Պարգևատրվողների թվում էր նաև Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա. Գրիգորյանը:
Նիստի մասնակիցները հաստատել են նաև Հայաստանի կողմից ներկայացված ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի պատվոգրին կից կրծքանշանը:
Հ. Պողոսյանի առաջարկությամբ ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի հերթական նիստը որոշվել է անցկացնել Երևանում, 2015 թ. II կիսամյակում: