Կոմպոզիտոր, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանը ծնվել է 1879թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի), ինչն էլ մեծ դեր է կատարել նրա երաժշտական ճաշակի ձևավորման գործում։ Հայրենի Շիրակի, մասնավորապես՝ Գյումրիի երաժշտական կենցաղը, գուսանական և ժողովրդական երաժշտության առանձնահատկությունների խորը յուրացումն էլ ձևավորել են Արմեն Տիգրանյան երաժշտական գործչին։ Կրթությունը ծննդավայրից հետո շարունակել է Թիֆլիսում, ուր հաստատվել է 1894թ.։ Նա աշակերտել է հայ անվանի երաժշտագետ Մ.Եկմալյանին` առնելով նրանից կոմպոզիցիայի դասեր։ 1902թ.-ից կազմակերպել և ղեկավարել է քառաձայն երգչախումբ, որի հետ համերգներ է տվել Անդրկովկասի բոլոր խոշոր քաղաքներում։ Արմեն Տիգրանյանին մեծ հռչակ է բերել «Անուշ» օպերան, որն ամբողջությամբ առաջին անգամ ներկայացվել է նրա ծննդավայրում` Գյումրիում 1912թ., այնուհետև` Երևանում։
Տիգրանյան երաժշտագետի գեղագիտության հիմքում արվեստի ժողովրդայնության սկզբունքն է և իրականության ռեալիստական արտացոլումը։ Արմեն Տիգրանյանը կատարել է նաև թարգմանություններ` հայերեն հնչեցնելով Վերդիի «Ռիգոլետտո» և Բիզեի «Կարմեն» օպերաների լիբրետոները։ Մահացել է 1950թ. Թբիլիսիում, թաղված է Երևանում։