Ճապոնացի հայտնի գրող Հարուկի Մուրակամին արժանացել է գերմանական հայտնի Welt պարբերականի գրական մրցանակին։ Ընտրելով Մուրակամիին որպես ճապոնական ժամանակակից գրականության ամենանշանակալի ներկայացուցչի՝ ժյուրին նշել է, որ նա ստեղծել է «միայն իրեն բնորոշ մոգական ռեալիզմի տեսակ»։
10.000 եվրո մրցանակային ֆոնդով մրցանակը հանձնվել է Մուրակամիին իր ողջ գրական գործունեության համար։ Մրցանակաբաշխությունը կայացել է նոյեմբերի 7-ին Բեռլինում, գրում է Deutsche Welle-ն։
Մուրակամին Բեռլինի պատի քանդման 25-ամյակի կապակցությամբ առանց պատերի խաղաղության կոչ է արել։ «Պատը վերջապես քանդվեց, աշխարհը փոխվեց, մենք սկսեցինք ազատ շնչել։ Սակայն անմիջապես մեկ այլ վայրում անսպասելի նոր պատ հայտնվեց՝ էթնիկ, կրոնական, անհանդուրժողականության, ժլատության և վախի պատ։ Արդյո՞ք մենք չենք կարող ապրել առանց այդ պատերի»,- ասել է Մուրակամին մրցանակաբաշխության ժամանակ։