Մշակույթ 

ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի այցը ՀՀ Արարատի մարզ

analitik.am

Ս. թ. նոյեմբերի 7-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ Արարատի մարզ կատարած այցի շրջանակում՝ Պարույր Սևակի տուն-թանգարանում ծանոթացել է նոր մասնաշենքի շինարարությանը և թանգարանի պայմաններին, հանդիպել Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի և Վեդիի գեղարվեստի դպրոցի մանկավարժների ու ղեկավարների հետ. ներկայացվել է մարզում իրականացված բազմաթիվ նպատակային ծրագրերն ու միջոցառումները, քննարկվել են ոլորտին առնչվող ձեռքբերումները, խնդիրները և դրանց լուծմանն ուղղված նպատակային քայլերը: 

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը և այլոք:
Մինչև գյուղ Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն-թանգարան, նախարարը ծաղիկներ է դրել բանաստեղծի վթարի վայրում կառուցված հուշարձանին և շիրիմին: Պարույր Սևակի տուն-թանգարանում, Հասմիկ Պողոսյանը ծանոթացել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով կառուցվող տուն-թանգարանի նոր մասնաշենքի շինարարությանը, որը մեկնարկել է 2013 թվականի հունվարի 24-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցից հետո՝ նրա հատուկ հանձնարարականով:
Թանգարանը գործում է 1981 թվականից, ունի 150 քմ մակերեսով նախասրահ, որը մինչ օրս գործում է որպես բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարեգրության հիմնական էջերը ներկայացնող ցուցասրահ, ներառելով նաև մեմորիալ բնակարանի մի փոքր հատված: Վերջերս ցուցադրությունը համալրվել է ընտանիքի տրամադրած նոր նյութերով, գրողի անձնական իրերով: Թանգարանում պահվում են շուրջ 700 ցուցանմուշ, ավելի քան 1000 անուն գիրք։
Տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանը նախարար Հասմիկ Պողոսյանին ներկայացրել է նոր մասնաշենքի նախագիծը. մասնաշենքի կառուցումից հետո թանգարանի գործունեության համար կստեղծվեն բավարար պայմաններ, ինչը հնարավորություն կընձեռի ընդլայնել մշտական ցուցադրությունը և ունենալ առանձին ֆոնդեր: Նախարարի առաջարկությամբ` տուն-թանգարանի տնօրենը ներկայացրել է նաև թանգարանի հետ կապված խնդիրները, քննարկվել են դրանց լուծման ուղիները: Պարույր Սևակի տուն-թանգարանի բակում` նախարար Պողոսյանը հանդիպել է նաև մարզի մտավորականների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Նախարարն առաջարկել է բոլոր նախագծերն ու առաջարկությունները ներկայացնել նախարարություն` ծրագրերում ներառելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մասնագիտական խորհրդատվություն և օգնություն տրամադրելու համար:
Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցում նախարար Հ. Պողոսյանը ներկա է գտնվել մարզի շնորհալի երեխաների համերգային կատարումներին: Ելույթ են ունեցել «ՀՀ և ԼՂՀ» շնորհալի երեխաների ծրագրում և շնորհալի երեխաների տեղեկատվական բանկում ընդգրկված պատանիները: Նրանցից մի քանիսը նվագում են «Մշակույթի նախարարության շրջանառու հիմնադրամի» տրամադրած գործիքներով: Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցը մշտապես մասնակցել է ՀՀ մշակույթի  նախարարության «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» կողմից իրականացված նպատակային ծրագրերին և միջոցառումներին: 2010-2014 թթ. դպրոցի սաները հաջողությամբ մասնակցել են Գյումրիի «Վերածնունդ» երիտասարդ կատարողների մրցույթ–փառատոնին: Դպրոցի նախկին սան` դաշնակահար Արթուր Գրիգորյանը երկու անգամ արժանացել է ոսկե մեդալի և դափնեկրի կոչման: Ի դեպ, վերջերս Թուրքիայում՝ Մարմարիսում կայացած «Ապագայի արտիստներ» խորագրով 1-ին միջազգային մրցույթ-փառատոնին, որին տարբեր երկրներից մասնակցում էին շուրջ 100 շնորհալի պատանի դաշնակահարներ, Առնո Բաբաջանյանի «Տոկատին» ստեղծագործության կատարման համար, Արթուր Գրիգորյանն արժանացել է հատուկ մրցանակի: Այժմ նա սովորում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում: Իսկ դպրոցի շրջանավարտ-դաշնակահարներ Սիրվարդ Մարտիրոսյանը և Արևիկ Սարգսյանն արժանացել են դափնեկրի կոչման, դպրոցի շնորհալի հինգ սաներ էլ՝ շնորհակալագրերի, պատվոգրերի և դիպլոմների: Քանոնահարուհի Հասմիկ Շահբազյանը ի թիվս բազմաթիվ դիպլոմների արժանացել է նաև Գրան պրի մրցանակի: 2013 թվականին դպրոցը մասնակցել է «Հազարան  բլբուլ» մանկապատանեկան բեմադրությունների երկրորդ հանրապետական մրցույթ-փառատոնին՝ Վ. Ա. Մոցարտի «Կախարդական սրինգը» երաժշտաթատերական բեմադրությունով, և արժանացել երկրորդ մրցանակի:
Դպրոցի շնորհալի սաների ելույթներից տպավորված Հ. Պողոսյանը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին` քրտնաջան աշխատանքի և նվիրումի համար: Այնուհետև, քննարկվել են ոլորտին առնչվող ձեռքբերումները, խնդիրները և դրանց լուծմանն ուղղված նպատակային քայլերը: Իր խոսքում Հ. Պողոսյանը մեկ անգամ ևս կարևորել է պատանիների գեղարվեստական կրթությունը և ուրախությամբ նշել, որ երաժշտական դպրոցներում ազգային գործիքները վերելք են ապրում:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է նաև Վեդիի գեղարվեստի դպրոց. մարզի հենակետային դպրոցում սովորում է 260 աշակերտ, գործում են գծանկարի, գունանկարի, կոմպոզիցիայի, փայտի փորագրության, ժանյակագործության, մաքրամեի, դիզայնի, գոբելենի, ասեղնագործության, կար ու ձևի, գորգագործության, պարի, շախմատի բաժիններ: Դպրոցի սաները մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր ստուգատեսների` ցուցահանդեսների, մրցույթների, փառատոների՝ արժանանալով տարբեր մրցանակների: Գեղարվեստի դպրոցում նախարար Հասմիկ Պողոսյանը ծանոթացել է Արարատի մարզի շնորհալի երեխաների աշխատանքներին, լսել մանկավարժներին հուզող հարցերը, քննարկել դրանց լուծման ուղիները:
Արարատ կատարած այցի շրջանակում` Արարատի մարզի գեղարվեստական կրթության ոլորտի մի քանի տնօրեններ և մանկավարժներ` մշակութային կրթության ասպարեզում ունեցած ներդրման, ինչպես նաև երկարամյա մանկավարժական արդյունավետ գործունեության համար, պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով:

Նույն շարքից