Մշակույթ 

Երևանյան միջոցառմանը Մաքսիմ Գալկինը երգել և ասմունքել է հայերեն

analitik.am

Ռուս հայտնի ծաղրերգու, հանրաճանաչ հումորիստ, հեռուստահաղորդավար, դերասան և երգիչ Մաքսիմ Գալկինը նոյեմբերի 11-ին համերգային երեկոյով հանդես է եկել Երևանում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպած միջոցառումն իր ներկայությամբ պատվել է նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: 

Գալկինը հանդես է եկել իր յուրահատուկ համարներով, որոնք հարուստ էին նաև հայտնի աստղերի, քաղաքական գործիչների նմանակումներով: Գալկինը նմանակել է նաև կնոջը՝ Ալլա Պուգաչովային և կատարել նրա երգերից: Նա նաև յուրահատուկ անակնկալ է մատուցել հանրությանը՝ համերգի ավարտին հայերեն ասմունքելով Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին» և կատարելով «Երևանի սիրուն աղջիկ» երգը՝ նվիրելով բոլոր երևանցի աղջիկներին:

«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ես առաջին անգամ չեմ Երևանում, եղել եմ այստեղ տարիներ առաջ: Հայաստանում շատ ջերմ և հիշվող հանդիսատես կա: Երևանն այն քաղաքներից է, որտեղ ամեն ինչ համեղ է: Հիմա Ռուսաստանում սանկցիաներ են, ես ինձ հետ որոշ բաներ եմ տանելու, հույս ունեմ ինձ թույլ կտան, եթե ոչ, ինքնաթիռում կուտեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կատակել է Գալկինը:

Մաքսիմ Գալկինը ծնվել է 1976 թվականին: Նա վերջին տարիների ամենաճանաչված և պահանջված արտիստներից է: Նրա համերգները մեծ հաջողությամբ են անցնում Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, ինչպես նաև արտասահմանի շատ քաղաքներում: Նրա շոուն իր մեջ ներառում է հումոր, նմանակումներ, երգեր և զրույցներ հանդիսատեսի հետ: 2006 թվականին պարգևատրվել է «Բարեկամություն» շքանշանով` Ռուսաստանի հեռուստառադիոոլորտում ունեցած մեծ ներդրման համար: Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի ամուսինն է: 

Նույն շարքից