Մշակույթ 

Ժնևի Sotheby՝s-ում 8.6 մլն դոլարով վաճառվել է աշխարհում ամենաթանկ սուտակը

analitik.am

Ժնևի Sotheby`s աճուրդում լոնդոնցի ոսկերիչ Լոուրենս Գրաֆը աշխարհում ամենաթանկ սուտակը ձեռք է բերել 8.6 մլն դոլարով՝ գրեթե կրկնակի գերազանցելով այդ տեսակի քարի արժողության ռեկորդը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Սա աշխարհում ամենամաքուր սուտակն է»,- հայտարարել է Գրաֆը, որը հայտնի է Ադամանդների արքա անունով: Հատկանշական է, որ այդ քարը Գրաֆը գնում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ նա այն ձեռք էր բերել 8 տարի առաջ՝ նրան շնորհելով իր անունը՝ «Գրաֆի սուտակ»: Ավելի ուշ քարը վաճառել է հույն ձեռնարկատիրոջ, որի հավաքածուն էլ վաճառքի է դրվել այս աճուրդում:

Այդ թանկարժեք քարի յուրահատկությունը ծիրանագույն երանգներով վառ կարմիր գույնի մեջ է:

Քարը հայտնաբերվել էր Մյանմարում Մոգոկ հովտում, որը հայտնի է որպես Սուտակե հովիտ: Այն կշռում է 8.62 կարատ:

Նույն շարքից