Գիտություն 

Գիտնականները մարզմանը փոխարինող «բարեկազմության էլիքսիր» կստեղծեն

analitik.am

Լոզանում Նեսթլեի բժշկական գիտությունների ինստիտուտի գիտնականները հայտարարում են, որ պարզել են, թե որ սպիտակուցն է վերահսկում մարդու մարմնի նյութափոխանակությունը և էներգետիկ հավասարակշռությունը: Նրանք այն անվանել են AMPK: Այս մասին հայտնում է RT-ն:

«AMPK-ն մեր հիմնական սպիտակուցներից մեկն է, այն կա մեր մարմնի ամեն բջիջում և ակտիվանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում: Այն մեր օրգանիզմում վառելիքի մակարդակի չափիչ է և ազդանշան է տալիս, երբ էներգիայի մակարդակը ցածր է, և մարդը վերալիցքավորվելու կարիք ունի»,- ասում է հետազոտության մասնակից պրոֆեսոր Կեի Սակամոտոն:

«Իդեալական տարբերակում մենք կուզենայինք մթերք ստեղծել, որը ֆիզիկական ծանրաբեռնվածության ազդեցությունը կնմանակի»,- ասել է նա՝ հավելելով, որ դրա ստեղծման համար կարող է մի քանի տարի պահանջվել:

Չնայած AMPK սպիտակուցն ակտիվանում է ֆիզիկական ակտիվության դեպքում՝ այն խթանել կարող է С13 կոչվող նյութը: Այս մասին հայտնում է JournalChemistry & Biology պարբերականը: Բայց նախևառաջ պետք է դրա ստացման համար բնական հումք գտնել, այդ նպատակով գիտնականներն ուսումնասիրում են մրգերը:

Մասնագետները կարծում են, որ այդ մեխանիզմը պարզելը կօգնի մթերք ստեղծել նյութափոխանակության խանգարում ունեցող մարդկանց համար, որի մարզվելու հնարավորությունները սահմանափակ են վնասվածքի, հիվանդության կամ տարիքի պատճառով:

Սակայն պրոֆեսոր Սակամոտոն զգուշացնում է, որ «բարեկազմության էլիքսիրը» չի կարողանա փոխարինել լիարժեք ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:

Նույն շարքից