Գիտություն 

«Բարձրագույն կրթության ապագան» միջազգային համաժողով. Ա. Աշոտյանը հանդես կգա զեկույցով

analitik.am

2014 թվականի նոյեմբերի 24-ից 26-ը Ռումինիայի ազգային կրթության նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բուխարեստ` մասնակցելու «Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին: Պատվիրակության կազմում են` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, Երևանի Մխիթար Հերացու  անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի տեղակալ Սամվել Ավետիսյանը և Երևանի  պետական համալսարանի ռեկտորի տեղակալ Ռուբեն Մարկոսյանը: 

 

Համաժողովին Հայաստանը մասնակցելու է որպես համակազմակերպող երկիր: Միջոցառմանը քննարկվելու են 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր: 
 
Համաժողովի ընթացում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա զեկույցով` Բոլոնյան գործընթացի համատեքստում մեր երկրի բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքի, ինչպես նաև Եվրոպական Բարձրագույն կրթական տարածքի ապագայի վերաբերյալ:
Համաժողովին կմասնակցեն Բոլոնյան գործընթացի անդամ երկրների կրթության նախարարներ, ոլորտի քաղաքականության մշակողներ և հետազոտողներ:

Նույն շարքից