Գիտություն 

Բնական գիտություններով հետաքրքրվող ուսանողների թիվը պակասել է

Թեև բնական գիտությունների ֆակուլտետներում պակասել են ուսանողների թիվը, սակայն ավարտելուց հետո գիտությամբ զբաղվողների թիվը մնացել է նույնը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բնական գիտություններով զբաղվող ուսանողների թվի նվազումը խնդիր չէ:

«Երբ ես ուսանող էի ֆիզիկայի ֆակուլտետում սովորում էր 170 ուսանող, բայց ի վերջո գիտական ոլորտում ընդգրկվեցին 10-12 հոգի: Հիմա սովորում է 100 ուսանող, բայց ավարտելուց հետո գիտությամբ նորից զբաղվում է 10-12 ուսանող: Չնայած այս հանգամանքին, իհարկե, մտահոգիչ է, որ ուսանողները պակասում են, բայց գիտությամբ զբաղվելու համար, մարդ մի քիչ պետք է խելառ լինի հատկապես՝ այդքան ցածր աշխատավարձով աշխատելու դեպքում, իսկ այդպիսի մարդիկ,բարեբախտաբար, կան»,-ասաց նա:

Սամվել Հարությունյանն ընդգծեց, որ շատ ավելի մտահոգիչ է այն, որ այսօր առկա է լավ աշխատող գիտնականների արտահոսք՝ հատկապես 30-50 տարեկանների շրջանում:

«Սա այն տարիքն է, որ գիտնականը պահանջարկված է: Մենք պետք է ստեղծենք պայմաններ, որ գնալուց հետո գոնե հետ գան կամ կապ պահպանեն մեզ հետ: Այսօր գիտական մեր ծրագրերին թույլ ենք տալիս մասնակցել արտերկրներում աշխատող մեր գիտականներին: Մեր ստացած գրանտների մեծ մասը դրսում աշխատող մեր գիտնականների հետ ենք արել»,- ասաց նա և ընդգծեց, որ փորձում են այնպիսի քայլեր ձեռնարկել, որ գիտնականները հետ գան հայրենիք:

Նույն շարքից