Գիտություն 

ԼՂՀ-ն ու Կոսովոն հայտ են ներկայացրել՝ դառնալու Բոլոնիայի անդամ երկիր. Արմեն Աշոտյան

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտ է ներկայացրել Եվրոպական կրթական տարածքին՝ Բոլոնիայի անդամ դառնալու համար. այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ նման հայտ է ներկայացրել նաև միջազգայնորեն չճանաչված ևս մեկ երկիր՝ Կոսովոն:

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ Բոլոնիայի անդամ դառնալու համար ցանկացած երկիր պետք է վավերացնի Եվրոպական խորհրդի Մշակութային ժառանգության կոնվենցիան, ինչն արվել է ԼՂՀ ԱԺ-ի կողմից, սակայն քանի որ այս երկու երկրները պաշտոնապես Եվրոպայի խորհրդի անդամ չեն, նրանց ներկայացրած հայտերը առկախվել են մինչև ԵԽ-ն կազմ ընդգրկվելը:

«Էականն այն է, որ ԼՂՀ մեր գործընկերներն արդեն այն աստիճանի են հասել իրենց կրթական բարեփոխումներով, որ կարողացել են պատրաստել մրցունակ զեկույց և ներկայացնել բարձրագույն կրթական տարածքին միանալու մասին հայտ: Սա մեծ նվաճում է իրենց համար: Ինչպես կավարտվի՝ չգիտեմ, բայց կարևոր է, որ վերաբերմունքը Կոսովոյի ու ԼՂՀ-ի նկատմամբ լինի միանման, որովհետև երկուսն էլ ունեն նույն խնդիրը»,-ասաց նախարարը:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ ի վերջո կընդունվի ներկայացված հայտը, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ եթե երկու երկրները դառնան Եվրոպայի խորհրդի անդամ, այդ հավանականությունը կհասնի 100%-ի, եթե չդառնան՝ 0%-ի:

«Բայց միջազգայնորեն չճանաչված պետությունների կողմից՝ հատկապես ԼՂՀ-ի կողմից նման հայտ ներկայացնելն ընդգծում է, որ կրթության իրավունքի խնդիրը կարևոր է ոչ այնքան կրթական տեսակետից, որքան մարդու իրավունքի տեսակետից: Անգամ եթե հայտերը մերժվեն, եվրոպական կրթական հանրությունը ևս մեկ անգամ կսևեռվի այդ խնդրի վրա, որ այդ տարածքներում ապրում են հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր նույնքան կրթական իրավունքներ ունեն, որքան ճանաչված տարածքներում բնակվող մարդիկ, որովհետև դա համամարդկային իրավունք է»,-ասաց նա:

Նույն շարքից