Գիտություն 

Արմեն Աշոտյանը Հայաստանում սովորող իրանցի ուսանողների հետ կքննարկի նրանց հուզող հարցերը

analitik.am

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Արմեն Աշոտյանն  անդրադարձել է  կրթության  բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթականերից մեկն է:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների և ասպիրանտների խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերում են վերջիններիս կրթության կազմակերպմանը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների հետ՝ նրանց հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու և դրանց լուծում տալու նպատակով:  Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի ավելի մեծ թվով իրանցի ուսանողներ գան Հայաստան` կրթություն ստանալու:


ՀՀ-ում Իրանի դեսպանն իր շնորհակալությունն  է հայտնել նախարարությունը` ընդգծելով, որ գերատեսչությունը միշտ ընդառաջում է իրանցի ուսանողների  և ասպիրանտների հետ կապված խնդիրների լուծմանը: Դեսպանի խոսքով, իրանցի ուսանողները, վերադառնալով հայրենիք, իրենց հետ տանում են Հայաստանի հետ կապված ջերմ հուշեր: Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի հետագա իրականացմանը:

Նախարար Արմեն Աշոտյանը Իրանի կրթության և գիտության նախարարին հրավիրել է Երևան` մասնակցելու հաջորդ տարի կայանալիք նախարարական գագաթաժողովին, որին մասնակցելու են 47 եվրոպական երկրների նախարարներ` քննարկելու եվրոպական ընդհանուր կրթական տարածքի ապագան: «Վերոնշյալ գագաթաժողովը տեղի է ունենում 2-3 տարին մեկ: Առաջին անգամ այն տեղի է ունենալու ոչ ԵՄ անդամ հանդիսացող երկրում: Հայաստանը եվրոպական բարձրագույն կրթության պատասխանատու երկիր է մինչև 2015 թվականի օգոստոսը:Այդ կապակցությամբ Հայաստանը դիմել է իր եվրոպացի գործընկերներին` Երևանում կայանալիք գագաթաժողովին հրավիրել նաև Հայաստանի հարևան երկրների, այդ թվում` Իրանի գործընկերներին: Ես լիազորված եմ եվրոպացի գործընկերների անունից Իրանի կրթության և գիտության նախարարին հրավիրել Հայաստան` մասնակցելու այդ միջոցառմանը»,-նշել է Արմեն Աշոտյանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ դպրոցներում պարսկերենի դասավանդմանն ուղղված մասնագիտական քննարկումներ կազմակերպելու հարցը, ինչպես նաև կրթության ոլորտում հայ-իրանական նոր հուշագրի ստորագրման հնարավորությունը:

Նույն շարքից