Մեր օրերում յուրաքանչյուր երրորդ մարդ ամեն օր ընդունում է դեղահաբեր՝ ինքնազգացողությունը լավացնելու, հիվանդությունը կանխելու և այլ նպատակներով...
Բայց արդյո՞ք միայն դեղահաբեր ընդունելը բավական է: Նախ անհրաժեշտ է հիշել մեկ կարևորագույն օրենք՝ ցանկալի չէ ինքնաբուժությամբ զբաղվել, և դեղահաբերը պետք է ընդունել միայն բժշկի խորհրդով: Ինչպես նաև պետք է հիշել, որ դեղորայք օգտագործելիս պետք է դադարեցնել ալկոհոլի և նիկոտինի օգտագործումը, քանի որ դրանք միշտ վնասակար են առողջությանը, առավելապես դեղորայք օգտագործելիս: Այն ոչ միայն թուլացնում է դեղորայքի արդյունավետությունը, այլև համարվում է խիստ հակացուցում դեղորայքի որոշ տեսակների համար:
Հարց, որը հետաքրքրում է բոլորին՝ դեղահաբերը պետք է ընդունել ուտելուց առաջ թե՞ հետո.
1. Դեղորայքի մեծ մասը պետք է ընդունել քաղցած՝ ուտելուց 30-40 րոպե առաջ, որպեսզի արագ յուրացվի:
2. Ուտելու ժամանակ պետք է ընդունել ֆերմենտատիվ պրեպարատներ՝ ճարպալուծ վիտամիններ ( A, E, D, F ) պարունակող նյութերով:
3. Ուտելուց հետո պետք է ընդունել գլխուղեղի անոթալայնիչ և նիկոտինաթթու պարունակող դեղորայք:
Դեղահաբեր ընդունելու կարևոր նախապայման է հանդիսանում օրվա մեջ ժամանակի ճիշտ սխեմայի ընտրությունը: Եթե նախատեսված է դեղամիջոցն ընդունել օրը երկու անգամ, ապա պետք է հասկանալ ամբողջ օրվա կտրվածքով 24 ժամի ընթացքում՝ 12 ժամյա ընդմիջումով: Եթե դեղամիջոցի ուղեցույցում նշված չէ պրեպարատի ընդունելու ժամային սխեման, ապա այն կարելի է խմել ուտելուց 30 րոպե առաջ: Այդ շարքին են պատկանում հակաբիոտիկները, հիպոտենզիվները:
Ավելորդ չէ նշել նաև, որ դեղամիջոցները (օրինակ. ասպիրինը) զուգակցել կծու և թթու սննդի հետ չի թուլատրվում, իսկ հակադեպրեսանտները այն սննդատեսակների հետ, որոնք պարունակում են թիրամին՝ պանիր, ձկան խավիար, սոյայի սոուս:
Ցանկալի չէ նաև տարբեր դեղահաբեր ընդունել միաժամանակ՝ անհրաժեշտ է պահպանել 20-30 րոպե ժամանակահատված: Իսկ այն դեղահաբերը, որոնք պատված են պաշտպանիչ շերտով, երբեք չի կարելի վնասել կամ բացել: Մեկ հիշեցում ևս. Դեղահաբերը օրգանիզմում արագ և ճիշտ յուրացնելու համար անհրաժեշտ է այն ընդունել տաք կամ սենյակային ջերմաստիճանի ջրով: Ոչ մի դեպքում չի կարելի դեղորայք ընդունել գազավորված ըմպելիքով:
Գոհարիկ Անտոնյան Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա